Բազելի և Ցյուրիխի համալսարանների հետազոտողները բժշկական հավաքածուի պատմական նմուշի միջոցով վերծանել են այն վիրուսի գենոմը, որը պատասխանատու է եղել 1918-1920 թվականներին Շվեյցարիայում եղած գրիպի համաճարակի համար։
Վիրուսի գենետիկական նյութը ցույց է տալիս, որ այն արդեն հասցրել է հարմարվել մարդկանց՝ պատմության մեջ գրիպի ամենամահաբեր համաճարակի սկզբնական շրջանում։ Նոր վիրուսային համաճարակները լուրջ մարտահրավեր են հանրային առողջապահության և հասարակության համար։ Վիրուսների էվոլյուցիան հասկանալը և անցյալի համաճարակների փորձն ուսումնասիրելը վճռորոշ նշանակություն ունեն նպատակային հակազդեցությունների մշակման համար։
Այսպես կոչված «իսպանական գրիպը» կամ «իսպանկան» 1918-1920 թվականներին դարձել են պատմության ամենաավերիչ համաճարակներից մեկը՝ խլելով 20-ից 100 միլիոն մարդու կյանք ամբողջ աշխարհում։ Այդուհանդերձ, մինչ օրս քիչ բան է հայտնի եղել այն մասին, թե ինչպես է այս գրիպի վիրուսը մուտացիայի ենթարկվել և հարմարվել համաճարակի ընթացքում։
Բազելի համալսարանի (նախկինում Ցյուրիխի համալսարան) հնագիտության պրոֆեսոր և պալեոգենետիկ Վերենա Շյունեմանի գլխավորությամբ միջազգային հետազոտական խումբը վերականգնել է 1918-1920 թվականների համաճարակի համար պատասխանատու գրիպի վիրուսի առաջին շվեյցարական գենոմը։
Իրենց հետազոտության համար գիտնականներն օգտագործել են ավելի քան 100 տարեկան վիրուսի նմուշ՝ վերցված Ուժգորոդի Էվոլյուցիոն բժշկության ինստիտուտի բժշկական հավաքածուի ֆորմալինով ֆիքսված խոնավ նմուշից։ Վիրուսը ստացվել է Ցյուրիխում բնակվող 18-ամյա հիվանդից, ով մահացել է Շվեյցարիայում համաճարակի առաջին ալիքի ժամանակ և դիահերձվել է 1918 թվականի հուլիսին։
Շվեյցարական գենոմը Գերմանիայում և Հյուսիսային Ամերիկայում նախկինում հրապարակված գրիպի վիրուսի մի քանի գենոմների հետ համեմատելով՝ հետազոտողները կարողացել են ցույց տալ, որ շվեյցարական շտամն արդեն իսկ ունեցել է մարդուն հարմարվելու երեք հիմնական հատկություն, որոնք կարող են պահպանվել վիրուսի պոպուլյացիայում մինչև համաճարակի ավարտը։ Այդ մուտացիաներից երկուսը վիրուսն ավելի դիմացկուն են դարձրել մարդու իմունային համակարգի հակավիրուսային բաղադրիչի նկատմամբ, որը կարևոր արգելք է թռչնագրիպի վիրուսների՝ կենդանիներից մարդուն փոխանցման համար։ Երրորդ մուտացիան կապված է վիրուսի թաղանթի սպիտակուցի հետ, որը բարելավում է նրա՝ մարդու բջիջներում գտնվող ընկալիչների հետ կապվելու ունակությունը՝ դարձնելով վիրուսն ավելի կայուն և վարակիչ։
«Հնագույն ՌՆԹ-ն երկար ժամանակ պահպանվել է միայն շատ հատուկ պայմաններում։ Ահա թեն ինչու մենք մշակեցինք նոր մեթոդ, որը թույլ է տալիս բարելավել մեր՝ այդպիսի նմուշներից հնագույն ՌՆԹ-ի մասնիկներ արդյունահանելու կարողությունը», - պատմել է հետազոտության առաջին հեղինակ Քրիստիան Ուրբանը։
Այս նոր մեթոդն այժմ կարող է օգտագործվել հնագույն ՌՆԹ-վիրուսների գենոմների հետագա վերականգնման համար և թույլ է տալիս հետազոտողներին ստուգել վերականգնված ՌՆԹ-ի մասի իսկությունը։






