Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ վաղ փուլում հոգեմոլորությամբ (փսիխոզ) տառապող մարդկանց մոտ թուլացած է ձեռքի սեղմման ուժը՝ այսինքն՝ իրերը ամուր պահելու ունակությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Psychiatry (AJP) գիտական հանդեսում։
Հեղինակները անալիզի են ենթարկել 51 առողջ կամավորների և վաղ փսիխոզով 89 հիվանդների տվյալները։ Դրանք ներառում են հանգստի վիճակում կատարված ֆունկցիոնալ ՄՌՏ-ի տվյալներ և ձեռքի բռնողական ուժի ցուցանիշներ։ Փսիխոզը ծանր հոգեկան խանգարում է, որի դեպքում խախտվում է իրականության ընկալումը։ Այն կարող է դրսևորվել զգայապատրանքներով, զառանցանքային գաղափարներով, հուզական անկայունությամբ, առօրյա կյանքի նկատմամբ հետաքրքրության նվազումով, բարձր անհանգստությամբ, քնի և ախորժակի խանգարումներով։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձեռքի բռնողական ուժի նվազումը կապված է ոչ միայն ֆիզիկական վիճակի, այլև գլխուղեղի նյարդային կապերի փոփոխությունների հետ։ Փսիխոզով հիվանդների մոտ գրանցվել է ավելի թույլ ակտիվություն այն շղթաներում, որոնք միացնում են առաջային գոտկային կեղևը, զգայաշարժական հատվածը և ուղեղիկը։ Որքան ավելի արտահայտված են եղել այս խանգարումները, այնքան ավելի ցածր է կյանքի որակը և այնքան ուժեղ է հիվանդության զարգացման ռիսկը։
Ըստ աշխատանքի հեղինակներից մեկի՝ դոկտոր Մուսա-Տուկսի, շարժողական խանգարումները կարող են ծառայել որպես խորը նեյրոնային փոփոխությունների ցուցիչ։
«Պսիխոզը այրվող տուն է։ Հալյուցինացիաներն ու զառանցանքը ծուխն են, բայց պետք է բուժել ոչ թե ծուխը, այլ կրակը։ Շարժողական խանգարումներն օգնում են գտնել, թե որտեղ է սկսվել բռնկումը», — նշել է գիտնականը։
Ըստ գիտնականների՝ բռնության ուժի ցուցանիշը կարող է դառնալ խախտումների պարզ և մատչելի կենսամարկեր, որը թույլ կտա հայտնաբերել պաթոլոգիան վաղ փուլերում։ Բացի այդ, նեյրոստիմուլյացիայի մեթոդները, մասնավորապես տրանսկրանիալ մագնիսական ստիմուլյացիան, պոտենցիալ կերպով ի վիճակի են վերականգնել ուղեղի հիմնական գոտիների միջև խախտված կապերը և դրանով իսկ բարելավել հիվանդների կլինիկական վիճակը։






