Եղանակային, մագնիսական եւ մթնոլորտային ճնշման ցանկացած փոփոխություններ ազդում են մեր օրգանիզմի վրա: Եթե օրգանիզմը առողջ է, եղանակային փոփոխությունները լուրջ խնդիրներ առաջացնել չեն կարող, բայց եթե օրգանիզմի պաշտպանողական ունակությունները խաթարված են, քրոնիկ հիվանդությունները գլուխ են բարձրացնում կամ նույնիսկ ի հայտ են գալիս նոր խնդիրներ: Այս մասին լրագրողներին պատմել է Երեւանի գլխավոր սրտաբան, կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար Պարունակ Զելվեյանը:
Ինչպե՞ս է հնարավոր խուսափել սիրտ-անոթային խնդիրներից եւ դրանց՝ աշնանը սրվելուց:
Առողջ կենսակերպ
Սրտաբանը պնդում է, որ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ամենաճիշտ ճանապարհը առողջ ապրելակերպն է: Տարվա բոլոր եղանակներին առողջ սիրտ ունենալու եւ աշնանային խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հրաժարվել ծխելուց, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը եւ ֆիզիկական վարժություններ կատարել: Բոլոր այս պարզ միջոցառումները կարող են 20 միլիմետրով իջեցնել զարկերակային ճնշումը, որը, ինչպես հայտնի է, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ամենակարեւոր ռիսկային գործոններից մեկն է:
Զարկերակային գերճնշման կարգավորում
Ինչպես արդեն նշվել է վերեւում, զարկերակային գերճնշումը կարող է նպաստել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը, այդ իսկ պատճառով, ճնշումը պետք է միշտ վերահսկել: Ե՞րբ եք վերջին անգամ չափել Ձեր ճնշումը: Գուցե հենց հիմա չափե՞ք այն:
Բարձր խոլեստերինի կարգավորում
Սիրտ-անոթային խնդիրներից եւ դրանց սրացումներից խուսափելու համար հարկավոր է նաեւ կարգավորել օրգանիզմում՝ խոլեստերինի քանակը, քանի որ խոլեստերինը նույնպես նպաստում է մի շարք խնդիրների առաջացմանը:
Ավելորդ քաշի կարգավորում
Ավելորդ քաշը նույնպես ռիսկի լուրջ գործոն է եւ կարող է հետագայում սիրտ-անոթային խնդիրներ առաջացնել, այդ իսկ պատճառով, մասնագետները խորհուրդ են տալիս դեռ վաղ հասակից աշխատել քաշը նորմայի սահմաններում պահել:
Սրտաբանը հիշեցրել է նաեւ, որ Հայաստանում, ինչպես եւ շատ այլ երկրներում, մահացության մոտ 50 տոկոսի պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են: Շատերը, մասնագետի խոսքով, ուշադրություն են դարձնում միայն բուժական մոտեցումներին եւ մոռանում են, թե սիրտ-անոթային հիվանդությունները կանխարգելելու գործում ինչ կարեւոր է առողջ կենսակերպը:
Պարունակ Զելվեյանը հիշեցրել է, որ Ֆինլյանդիայում 10 տարում մինչեւ 65 տարեկան մարդկանց շրջանում սիրտ-անոթային խնդիրներով պայմանավորված մահացությունը 65 տոկոսով նվազել է՝ վերը նշված ռիսկի գործոնների կանխարգելման պետական ծրագրի արդյունավետ ներդրման շնորհիվ:






