Չինաստանում «արևելյան ձիթապտղի յուղ» անվանումով հայտնի կամելիայի յուղն ի վիճակի է նվազեցնել օրգանիզմում բորբոքումը և արյան ճնշումը, ինչպես նաև բարելավել աղիքային միկրոֆլորայի բաղադրությունը։ Նման եզրակացության են հանգել Ուհանի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները։ Գիտական ​​գրախոսությունը հրապարակվել է Food Research International (FRI) բժշկագիտական  հանդեսում:

Հետազոտողները վերլուծել են Չինաստանում ավանդաբար թե՛ խոհարարության, թե՛ կոսմետիկայի մեջ օգտագործվող Camellia oleifera բույսի սերմերից ստացված յուղի կազմի և ազդեցության մեխանիզմների վերաբերյալ տվյալները։ Արդյունքները ցույց են տվել, որ արտադրանքը հարուստ է մոնոչհագեցած ճարպաթթուներով (հիմնականում օլեինաթթու), պոլիֆենոլներով, E վիտամինով, սկվալենով և այլ կենսաբանորեն ակտիվ նյութերով։

Ըստ հեղինակների եզրակացությունների՝  կամելիայի յուղը դրական ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վրա, նպաստում է արյան մեջ լիպիդների (ճարպանման նյութերի) մակարդակի կարգավորմանը և իջեցնում է արյան ճնշումը։ Այդ ազդեցությունները կապված են յուղի բաղադրիչների հակաօքսիդանտային և հակաբորբոքային ներգործության հետ։

Իրենց աշխատանքում գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել այսպես կոչված «աղիք-ուղեղ» առանցքին։ Գիտնականների համոզմամբ՝ յուղի մեջ պարունակող բնական նյութերը կարող են ազդել աղիքային միկրոբիոմի վրա և այդպիսով անուղղակիորեն բարելավել ճանաչողական գործառույթը և նվազեցնել նյարդային համակարգի բորբոքումը։ Մասնավորապես, նեյրոպաշտպանիչ ազդեցություններ են գրանցվել Ալցհայմերի հիվանդության փորձարարական մոդելներում։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ կամելիայի յուղը օժտված է ֆունկցիոնալ սննդամթերքի ներուժով և կարող է օգտագործվել սննդային հավելումներում, գուցե, նույնիսկ դեղամիջոցներում։ Այդ եզրակացությունները ճանապարհ են բացում խրոնիկական հիվանդությունների կանխարգելման հետագա հետազոտությունների համար՝ բնական միացությունների կիրառմամբ։