Նույնիսկ ուտելու համար անպիտան կեղևով մրգերը օգտագործելուց առաջ անհրաժեշտ է լվանալ։ Այս կանոնին չհետևելը կարող է հանգեցնել վարակների և թունաքիմիկատներով (պեստիցիդներով) թունավորման: Թունավորման վտանգի մասին Mirror պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է սննդի տեխնոլոգ Թամիկա Սիմսը։
Ըստ փորձագետի՝ ուտելու համար անպետք կեղևով մթերքները, ինչպիսին է բանանը, պետք է լվանալ հոսող ջրի տակ, ինչպես մյուս բոլոր մթերքները։ Դա օգնում է հեռացնել մակերեսի փոշին, մանրէները և թունաքիմիկատների մնացորդները, որոնք կարող են հայտնվել ձեր ձեռքերի վրա, ապա բերանում, հատկապես կեղևահանելիս կամ կտրելիս։
«Թեև դա կարող է անտարամաբանական թվալ, սակայն բանանները անհրաժեշտ է լվանալ»,- ընդգծել է Սիմսը։
Նա հավելել է, որ այդ ընթացակարգն անտեսելը կարող է հանգեցնել սննդային թունավորման, որն առաջանում է վտանգավոր միկրոօրգանիզմներից, մասնավորապես՝ սալմոնելայից, աղիքային ցուպիկից (Escherichia coli, E. coli) և լիստերիայից: Սալմոնելոզը սովորաբար առաջացնում է բարձր ջերմություն, որովայնի ցավ, լուծ և փսխում։ Այդ վիճակը հատկապես վտանգավոր է երեխաների, տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց համար. ծանր ջրազրկումը կարող է հոսպիտալացում պահանջել:
Աղիքային ցուպիկը, հատկապես դրա որոշակի շտամները, կարող են լուրջ աղիքային խնդիրներ, դրանց թվում՝ փորլուծություն և որովայնի ուժեղ ցավեր առաջացնել։ Որոշ դեպքերում մանրէները վնասում են երիկամներին և կարող են հանգեցնել հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշի, ինչը պոտենցիալ մահացու վիճակ է։ Հղի կանայք առավել խոցելի են լիստերիայի նկատմամբ, և վարակը կարող է հանգեցնել վիժման, վաղաժամ ծննդաբերության կամ նույնիսկ մեռելածնության։
Փորձագետը հավելել է, որ բացի բակտերիաներից, պտղի մակերեսին կարող են կեղտի, աղբի մասնիկներ և նույնիսկ միջատներ մնալ։ Փորձագետը զգուշացնում է, որ թունաքիմիկատները ևս պոտենցիալ կերպով առնչվում են լուրջ առողջական ռիսկերին. հնարավոր հետևանքներից են աուտիզմի, քաղցկեղի, հիպերտոնիայի, շաքարախտի և դեմենցիայի զարգացումը։






