CBD-ն (կանաբիդիոլ) իսկական հիթ է դարձել առողջության և բարեկեցության աշխարհում. այն օգտագործում են սթրեսի հաղթահարման, քնի բարելավման, բորբոքումների և նույնիսկ ցավային համախտանիշի նվազեցման համար։ Շատերը դա համարում են դեղամիջոցների անվտանգ այլընտրանք, քանի որ CBD-ն չի առաջացնում THC-ին բնորոշ հոգեմետ ազդեցություն։ Սակայն JAMA Network ամսագրում հրապարակված նոր հետազոտության արդյունքները ստիպում են վերանայել այդ վստահությունը։

Գիտնականները գիտափորձ են անցկացրել, որի ընթացքում կամավորները 28 օր շարունակ ընդունել են CBD-ի փոքր չափաբաժիններ։

Արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների մոտ զգալիորեն բարձրացել են լյարդի ֆերմենտների ցուցանիշները՝ երբեմն ավելի քան երեք անգամ գերազանցելով նորման։ Սա կարող է վկայել լյարդի վնասման կամ CBD-ի ազդեցության տակ դրա սթրեսի մասին։

Լյարդը կենսականորեն կարևոր օրգան է, որը պատասխանատու է տոքսինների զտման և դեղամիջոցների նյութափոխանակության համար։ Դրա ցանկացած վնասում կարող է հանգեցնել առողջական լուրջ հետևանքների։

Հետազոտողները նախազգուշացնում են, որ CBD-ն ունակ է ազդել լյարդի ֆերմենտների աշխատանքի վրա, ինչն իր հերթին կարող է ազդել այլ դեղամիջոցների նյութափոխանակության վրա՝ առաջացնելով անցանկալի փոխազդեցություններ և բարդություններ։ Սա հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր մշտական հիմունքներով դեղամիջոցներ են ընդունում։

Բացի այդ, առայժմ առկա է տվյալների անբավարարություն CBD-ի կանոնավոր, հատկապես փոքր չափաբաժիններով կիրառման երկարաժամկետ ազդեցությունների վերաբերյալ։

Հետազոտության հեղինակները զգուշության կոչ են անում՝ խորհուրդ տալով խորհրդակցել բժշկի հետ CBD օգտագործելուց առաջ, հատկապես, եթե առկա են լյարդի հիվանդություններ կամ ընդունվում են այլ դեղամիջոցներ։