Բրազիլացի գիտնականները պարզել են, որ ֆիզիկական չափազանց մեծ ծանրաբեռնվածության դեպքում առաջացող հոգնածության, ցավի և իմունիտետի անկման «մեղավորը» PARP1 սպիտակուցի ավելցուկն է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Molecular Metabolism» (MolMetа) ամսագրում։

Հայտնի է, որ առանց բավարար վերականգնման՝ չափից ավելի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է ոչ միայն իջեցնել սպորտային արդյունքները և այլև լուրջ վնաս հասցնել օրգանիզմին։ Ծայրահեղ դեպքերում զարգանում է գերմարզվածության համախտանիշ. վատանում է դիմացկունությունը, իջնում ախորժակը, կուտակվում է քրոնիկ հոգնածություն, ցավում են մկանները, մեծանում է վնասվածքների ռիսկը, ինչպես նաև խախտվում են իմունային և նյութափոխանակության գործընթացները։

Գիտնականները մկների վրա փորձ են անցկացրել՝ պարզելու համար, թե ինչն է հանգեցնում նման փոփոխությունների։ Կենդանիներին ստիպել են շարժվել այնքան ժամանակ, մինչև նրանք ուժասպառ են եղել։ Նման մարզումներից հետո կրծողների մոտ, բնականաբար, նկատվել է աշխատունակության կտրուկ անկում, ապատիա և սթրեսային վարքագիծ, օրինակ՝ անշարժություն կամ մորթու մոլուցքային լիզում։

Վերլուծությունը ցույց է տվել, որ նրանց մկաններում կտրուկ բարձրացել է PARP1 սպիտակուցի ակտիվությունը, որը պատասխանատու է վնասված ԴՆԹ-ի վերականգնման համար։ Գիտնականները պարզաբանել են, որ դրա գործառույթը սթրեսի ժամանակ բջիջները պաշտպանելն է, սակայն ավելցուկի դեպքում այն խաթարում է միտոքոնդրիաների աշխատանքը, բորբոքում է առաջացնում և վատթարացնում էներգետիկ փոխանակությունը։

Աշխատանքի հեղինակներից մեկի՝ Բարբարա Քրիսոլի խոսքով՝ նմանատիպ կլինիկական պատկեր է դիտվում մկանային դիստրոֆիայի, ճարպակալման և նույնիսկ կախեքսիայի՝ քաղցկեղով հիվանդների մոտ ծայրահեղ հյուծվածության դեպքում։

Մարզումների ժամանակ գերծանրաբեռնվածության ենթարկված մկների վրա կատարված հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ այն մկների մոտ, որոնց ներարկվել է PARP1-ը արգելափակող դեղամիջոց՝ գերմարզվածության ախտանիշներ չեն զարգացել։ Սակայն այս դեղամիջոցն օգտագործվում է քաղցկեղի բուժման համար և ունի ծանր կողմնակի ազդեցություններ, ուստի այն հնարավոր չէ կիրառել մարզիկների վերականգնումն արագացնելու համար։ Ներկայումս գիտնականները փնտրում են PARP1-ի մակարդակը կարգավորելու ավելի մեղմ և անվտանգ եղանակներ, ներառյալ բնական միացությունների կիրառումը։