Գիտնականները պարզել են, որ թարմ օդը, այգիները և կանաչ փողոցները ոչ միայն հաճելի են, այլև իսկական փրկություն են ուղեղի համար։

Նոր ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում, ցույց է տվել, որ որքան շատ է կանաչապատումը քաղաքում, այնքան քիչ է աղտոտված օդի վնասը և այնքան ցածր է դեմենցիայի զարգացման ռիսկը։

Հյուսիսային Կարոլինայի և Հարվարդի համալսարանների գիտնականները վերլուծել են գրեթե 13 հազար 60 տարեկանից բարձր մարդկանց տվյալները։ Նրանք պարզել են, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակն ուղղակիորեն կապված է Ալցհայմերի հիվանդության և դեմենցիայի այլ տեսակների բարձր ռիսկի հետ։ Սակայն զարմանալին այն է, որ կանաչ տարածքների առկայությունը զգալիորեն թուլացրել է այս վնասը։

Մեխանիզմը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ, սակայն հետազոտողները կարծում են, որ ծառերն ու բույսերը ոչ միայն մաքրում են օդը, այլև նվազեցնում են սթրեսը, իջեցնում ճնշումը և ամրապնդում հոգեկան առողջությունը։ Այս ամենը գործոններ են, որոնք ազդում են ուղեղի առողջության վրա։

Այս ուսումնասիրությունը ևս մեկ հզոր փաստարկ է քաղաքների կանաչապատման օգտին։ Գիտնականները շեշտում են, որ այն վայրերում, որտեղ ավելի շատ այգիներ ու ծառուղիներ կան, ոչ միայն ավելի հաճելի է ապրել, այլև ավելի անվտանգ է ծերանալը։