Գյոթինգենի Կենսաբանական ցանցերի դինամիկայի ինստիտուտի (CIDBN) գիտնականները հայտնաբերել են, որ ներարգանդային զարգացման ընթացքում սաղմի մաշկի բջիջներն ունակ են «զգալ» միմյանց շարժումները և դրանց հետ համակարգել իրենց սեփական տեղաշարժերը։ Այս գործընթացը հիշեցնում է լսողական համակարգի աշխատանքը և ապահովում է հյուսվածքների ավելի ներդաշնակ ձևավորում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում։

Հետազոտության մեջ օգտագործվել են գործիքներ նյարդակենսաբանության, գենետիկայի, ֆիզիկայի և լսողության ուսումնասիրման ոլորտներից։ Գիտնականները պարզել են, որ էպիդերմիսի բարակ շերտում բջիջները արձագանքում են հարևան բջիջների միկրոշարժումներին, ինչը թույլ է տալիս նրանց ավելի համաձայնեցված շարժվել և ավելի ուժեղ «ձգել» հյուսվածքը։ Եթե այս զգայունությունը խախտվում է, ապա հյուսվածքների ձևավորման գործընթացը դանդաղում է կամ ամբողջությամբ դադարում։

«Մենք վերլուծել ենք հարյուր անգամ ավելի շատ բջիջների զույգեր, քան նախորդ աշխատանքներում։ Սա հնարավորություն է տվել առաջին անգամ արձանագրել նման նուրբ և փխրուն փոխազդեցություններին», - բացատրում է Մաթիաս Հերինգը՝ հետազոտության հեղինակներից մեկը։

Հետազոտողները ենթադրում են, որ բջիջների շփման համար պատասխանատու են նույն սպիտակուցները, որոնք ուժեղացնում են ձայնը մարդու ականջում։ Լսողական համակարգում դրանք տատանումները վերածում են նյարդային ազդանշանների՝ արձագանքելով ատոմական մակարդակովշարժումներին։

«Նման սպիտակուցները կարող են առաջանալ դեռևս ընդհանուր միաբջիջ նախնիների մոտ՝ սնկերի հետ միասին, բայց դրանց բազմազան գործառույթները բացահայտվել են միայն կենդանիների մոտ», – մեկնաբանում է ինստիտուտի տնօրեն Ֆրեդ Վոլֆը։

Հետազոտությունը չի բացատրում, թե կոնկրետ ինչպես են ակտիվանում այս մոլեկուլային «սենսորները» սաղմի մեջ, սակայն այն հեռանկարներ է բացում բժշկության և բիոնիկայի համար։ Բջիջների շարժումները համակարգելու ձևը հասկանալու համար՝ առաջանում են նոր մոտեցումներ, որոնք թույլ են տալիս հաջողությունների հասնել հյուսվածքների աճեցման, բնածին արատների շտկման և զգայուն փափուկ ռոբոտների ստեղծման գործում։