Քրոնիկ հազը միշտ չէ, որ պայմանավորված է թոքերի հիվանդություններով կամ վարակներով. որոշ դեպքերում դրա պատճառը թաքնված է նյարդային համակարգի անսարքություններում: Այս եզրակացությանն են հանգել Լեսթերի, Կոպենհագենի և Լոնդոնի թագուհի Մերի համալսարանի հետազոտողները: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են European Respiratory Journal (ERJ) ամսագրում:

Գիտնականները վերլուծել են քրոնիկ հազի գրեթե 30 հազար դեպք՝ համատեղելով մարդկանց առողջության մասին տեղեկատվությունը հինգ միջազգային կենսաբանական տվյալների բազաներից: Նրանք պարզել են, որ քրոնիկ հազ ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ ունենան գենետիկական տատանումներ, որոնք կապված են որոշակի տեսակի նեյրոնների գործունեության փոփոխությունների հետ: Խոսքը նյարդային բջիջների մասին է, որոնք պատասխանատու են ազդանշաններ փոխանցելու և զգայուն խթաններ, այդ թվում՝ ցավի ազդակներ ընկալելու համար:

Ուսումնասիրության հեղինակները բացատրել են, որ մշտական հազի ռեֆլեքսը կարող է հիմնված լինել կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի գրգռվածության բարձրացման վրա: Փաստորեն, նման դեպքերում հազը դառնում է քրոնիկ ցավի անալոգ՝ ռեակցիա նվազագույն կամ լիովին բացակայող գրգռիչի նկատմամբ:

Այս հայտնագործությունը կարող է փոխել բուժման մոտեցումը. ախտանիշը վերացնելուն ուղղված սովորական դեղամիջոցների փոխարեն բժիշկները կկարողանան օգտագործել զգայունությունը կարգավորող նյարդային շղթաների վրա ազդող դեղամիջոցներ: Այս մոտեցումը խոստանում է արդյունավետ լինել այն հիվանդների համար, ովքեր չեն արձագանքում ավանդական թերապիային, այդ թվում՝ մրսածության և հակահիստամինային դեղամիջոցներին: