Հեծանվային մարզասարքերի վրա խմբակային պարապմունքները կարող են ազդրի ցավը բուժելու ավելի արդյունավետ միջոց լինել, քան ավանդական ֆիզիոթերապիան։ Այսպիսի եզրակացության են եկել Բորնմութի և Դորսեթի համալսարանական հիվանդանոցի (UHD) հետազոտողները։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Lancet Rheumatology ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել են ազդրի օստեոարթրիտով 211 հիվանդներ։ Բժիշկների գնահատմամբ՝ Մեծ Բրիտանիայում այս հիվանդությամբ տառապում է մոտ 3,2 միլիոն մարդ։ Օստեոարթրիտն ուղեկցվում է աճառային հյուսվածքի քայքայմամբ, որն առաջացնում է ցավ և շարժունակության սահմանափակում։

Կամավորներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խումբն անցել է ստանդարտ ֆիզիոթերապիա, իսկ մյուսը՝ Chain անունով ութշաբաթյա ծրագիր, որը ներառում է հեծանվային մարզասարքի վրա մարզումներ և կրթական պարապմունքներ։

Chain ծրագիրը համատեղում է 30-րոպեանոց պարապմունքները ֆիզիոթերապևտի հետ, ինչպես նաև կեսժամյա մարզումներ ֆիթնես-հրահանգչի ղեկավարությամբ։ Հետազոտության հեղինակների խոսքերով՝ այս խմբի մասնակիցների մոտ առողջության վիճակի վիճակագրորեն նշանակալի բարելավում է նկատվել, մասնավորապես՝ ամենօրյա շարժունակության մակարդակի բարելավում։ Գնահատման համար օգտագործվել է HOOS հարցաթերթիկի ADL (Activities of Daily Living) սանդղակը, որն արտացոլում է թերապիայի ազդեցությունը օստեոարթրիտով հիվանդների կյանքի որակի վրա։

Ինչպես նշում են մասնագետները, այս մեթոդը ոչ միայն ավելի լավ արդյունքներ է ցույց տվել՝ համեմատած սովորական ֆիզիոթերապիայի հետ, այլև ցուցադրել է իր ներուժը՝ որպես առողջապահական համակարգի համար մատչելի և մասշտաբային լուծում։

«Բուժման այլընտրանքային մոտեցումների որոնումը կարող է թեթևացնել Առողջապահության ազգային ծառայության բեռը»,- ընդգծել է նախագծի մասնակիցներից մեկը՝ դոկտոր Փիթեր Ուիլսոնը։

Այնուամենայնիվ, հետազոտողները պարզաբանում են, որ մեթոդի երկարաժամկետ արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ։