Յեյլի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ օրգանիզմում ցիստեին ամինաթթվի մակարդակի նվազումը կարող է խթանել ճարպերի ակտիվ այրումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Metabolism (NatMet) ամսագրում։

Փորձերը կատարվել են ինչպես մկների, այնպես էլ առանց ճարպակալման առողջ մարդկանց վրա։ Կալորիաների կրճատման դեպքում մասնակիցները քաշ են կորցրել, և նրանց սպիտակ ճարպային հյուսվածքում նվազել է ցիստեինի մակարդակը։ Սա, իր հերթին, խթանել է սպիտակ ճարպի վերածումը գորշի՝ ճարպային հյուսվածքի հատուկ տեսակի, որը ոչ թե կուտակում է էներգիա, այլ ընդհակառակը, ծախսում է այն՝ արտադրելով ջերմություն և արագացնելով նյութափոխանակությունը։

Ցիստեինից լիովին զուրկ մկների մոտ զանգվածի նվազումը տեղի է ունեցել հատկապես արագ. ըստ գիտնականների, նման կենդանիների մոտ ճարպը բառացիորեն «անհետացել է»։ Ընդ որում, կրծողների մարմնի ջերմաստիճանը նվազել է գրեթե 40%-ով, սակայն դա չի վնասել օրգանիզմի հյուսվածքները։ Հետազոտողները ենթադրում են, որ ցիստեինի դեֆիցիտի դեպքում օրգանիզմը գործի է դնում պաշտպանական մեխանիզմներ և վերակառուցում էներգետիկ փոխանակությունը։

Օքսիդատիվ սթրեսի լաբորատորիայի ղեկավար Քրիշտիան Շտադլերը նշում է, որ ցիստեինը ներգրավված է ոչ միայն ճարպերի նյութափոխանակության, այլև կարևորագույն կենսաքիմիական ռեակցիաների մեջ, մասնավորապես՝ օքսիդավերականգնման գործընթացներում։ Սա հեռանկարներ է բացում քաշի նվազեցման ապագա մեթոդների համար, որոնք կապված չեն կալորիաների խիստ սահմանափակման հետ։

Այս վարկածը հաստատելու համար գիտնականները լրացուցիչ հետազոտություն են անցկացրել, որի շրջանակներում մասնակիցները մեկ տարվա ընթացքում պահպանել են 14% կալորիաների դեֆիցիտով սննդակարգ։ Արդյունքում արձանագրվել է օրգանիզմում բորբոքման նվազում, մկանների վիճակի բարելավում և, ամենակարևորը, ճարպային հյուսվածքում ցիստեինի մակարդակի նվազում։ Այս ամենն ուղեկցվել է մարմնի զանգվածի կայուն նվազմամբ։

Ըստ աշխատանքի հեղինակների, նոր տվյալները կարող են փոխել ճարպակալման դեմ պայքարի ռազմավարությունը. այժմ գիտնականները գիտեն, թե կոնկրետ ինչպես է սպիտակ ճարպային հյուսվածքը վերածվում գորշի։ Այս մեխանիզմի արհեստական ակտիվացումը կարող է հեշտացնել քաշի կորստի գործընթացը սահմանափակ շարժունակությամբ և դիետա պահպանելու անկարողությամբ մարդկանց համար։