Բրիտանական Կոլումբիայի համալսարանի կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ հոգնածությունը, տագնապը, ցավը և գլխապտույտը կարող են նախորդել ցրված սկլերոզի (ՑՍ) ախտորոշմանը՝ տասը տարուց ավելի։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA-ում (Journal of the American Medical Association)։
Գիտնականները այս եզրակացությանն են հանգել 12 հազար հիվանդների բժշկական գրառումների 25-ամյա վերլուծության արդյունքում: Հետազոտողները պարզել են, որ բնորոշ նյարդաբանական ախտանիշների ի հայտ գալուց 15 տարի առաջ ապագա սկլերոզով հիվանդները զգալիորեն ավելի հաճախ են այցելում թերապևտների: Ժամանակի ընթացքում այցելությունները սկսել են ուղեկցվել հոգնածության, ցավի, անհանգստության և դեպրեսիայի գանգատներով և որոշ հիվանդներ նաև բազմիցս դիմել են հոգեբույժների:
Հիվանդության ախտորոշումից մոտ ութից ինը տարի առաջ ավելացել է ակնաբույժների և նյարդաբանների դիմած այցելուների թիվը՝ տեսողության և աչքի ցավերի հետ կապված խնդիրներով։ Այնուհետև, հիվանդության դրսևորումից մոտ երեքից հինգ տարի առաջ, աճել է շտապօգնության և ռադիոլոգիայի բաժանմունքների դիմած հիվանդների թիվը։ Ցրված սկլերոզի ակնհայտ նշանների ի հայտ գալուց մեկ տարի առաջ նկատվել է նյարդաբաններին այցելությունների «աճ»։
Գիտնականներն ընդգծում են, որ այս ախտանիշների առկայությունը պարտադիր չէ, որ նշանակի, թե մարդու մոտ շուտով կզարգանա ցրված սկլերոզ։ Այնուամենայնիվ, վաղ ախտորոշումը կարող է կարևոր դեր խաղալ հիվանդության առաջընթացը դանդաղեցնելու գործում։
Ցրված սկլերոզը քրոնիկ, անբուժելի հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգը հարձակվում է գլխուղեղի և ողնուղեղի վրա։ Այն կարող է առաջացնել մկանային սպազմներ, շնչառության և կուլ տալու հետ կապված խնդիրներ, ինչպես նաև մեծացնում է մահացու բարդությունների, ներառյալ՝ վարակների ռիսկը։ Ախտորոշումը ամենից հաճախ դրվում է 30-ից 40 տարեկանում, սակայն, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, առաջին ազդանշանները կարող են ի հայտ գալ շատ ավելի վաղ։






