Կիտոյի համալսարանի ճապոնացի գիտնականները ստեղծել են նոր սերնդի հզոր ցավազրկող, որը կախվածություն և ափիոիդներին բնորոշ վտանգավոր կողմնակի ազդեցություններ չի առաջացնում։ ADRIANA անունով դեղամիջոցը նկարագրված է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։
Դեղամիջոցն արդեն հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումներ կամավորների և վիրահատության ենթարկված հիվանդների վրա։ Ի տարբերություն մորֆինի և այլ ավանդական ցավազրկողների՝ ADRIANA-ն գործում է այլ սկզբունքով։ Այն ազդում է նյարդային համակարգի որոշակի կառուցվածքների՝ ադրենոռեցեպտորների վրա։ Դրանք պատասխանատու են ադրենալինի և նորադրենալինի նման նյութերի նկատմամբ օրգանիզմի արձագանքի համար։
Նոր դեղամիջոցը արգելափակում է α2B-ադրենոռեցեպտորների ենթատեսակը, ինչը հանգեցնում է նորադրենալինի մակարդակի բարձրացման՝ նյութ, որը մասնակցում է ուղեղում ազդանշանների փոխանցմանը։ Սա, իր հերթին, ակտիվացնում է α2A-ադրենոռեցեպտորները, որոնք էլ պատասխանատու են ցավային զգայունության նվազեցման համար։ Այս մեխանիզմը թույլ է տալիս հասնել ցավազրկման՝ առանց ծանր կողմնակի ազդեցությունների, ինչպիսիք են շնչառության ճնշումը, կախվածությունը կամ սրտի աշխատանքի խանգարումները։
Հաջող նախակլինիկական թեստերից հետո անցկացվել են կլինիկական հետազոտությունների I և II փուլերը, որոնցում ներառվել են թոքերի ուռուցքի հեռացման վիրահատության ենթարկված հիվանդներ։ ԱՄՆճում հետագայում կլինի նաև լայնածավալ փորձարկումը՝ BTB Therapeutics ընկերության հետ համագործակցությամբ։
Մշակողների կարծիքով՝ ADRIANA-ն կարող է դառնալ առաջին ճապոնական ոչ օփիոիդային ցավազրկողը և կարևոր դեր խաղալ համաշխարհային «օփիոիդային ճգնաժամի» դեմ պայքարում։






