Դեղամիջոցը, որը տասնամյակներ շարունակ օգտագործվել է շաքարային դիաբետի բուժման համար, դեմենցիայի և վաղաժամ մահվան դեմ պայքարում կարող է անսպասելի դաշնակից դառնալ։ Նման եզրակացության են հանգել Թայվանի գիտնականները՝ ավելորդ քաշ ունեցող գրեթե կես միլիոն մարդկանց տվյալները վերլուծելուց հետո։ Գիւտական աշխատանքը հրապարակվել է Diabetes Obesity and Metabolism (DOM) բժշկագիտական  հանդեսում։

Հետազոտությունը ներառել է ավելորդ քաշից կամ ճարպակալումից տառապող 452 հազար 777 չափահասի։ 10 տարվա դիտարկման ընթացքում գրանցվել է դեմենցիայի ավելի քան 35 հազար դեպք և ավելի քան 76 հազար մահ։ Սակայն մետֆորմին ընդունողների շրջանում այդ երկու ցուցանիշներն էլ զգալիորեն ցածր էին։

Դեղամիջոցն ընդունող բուժառուների շրջանում մահվան ռիսկի նվազումը կազմել է 26-28%, իսկ դեմենցիայի զարգացման ռիսկը՝ 8-12%-ով՝ մետֆորմին չօգտագործողների համեմատ։ Ավելին, պաշտպանիչ ազդեցությունն ակնհայտ էր բոլոր կատեգորիաներում՝ միջինից մինչև ծանր ճարպակալում։

«Արդյունքները հուսադրող են,- նշել է հետազոտության համահեղինակ, Թայբեյի բժշկական համալսարանի դոկտոր Չիֆենգ Չենը: -Սակայն անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ՝ ճշգրիտ հասկանալու համար, թե ինչպես է մետֆորմինն աանդրադառնում ուղեղի և կյանքի տևողության վրա»:

Մետֆորմինը վաղուց ուսումնասիրվել է որպես պոտենցիալ «երկարակեցության դեղամիջոց». դրա հակաբորբոքային և նյութափոխանակության հատկությունները հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն էնդոկրինոլոգների, այլև ծերաբանների համար: Նոր աշխատանքը հաստատում է այն վարկածը, ըստ որի դեղամիջոցը կարող է ազդել ծերացման գործընթացի վրա և, հնարավոր է, դառնալ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կանխարգելման մաս: