Ամենօրյա 15-րոպեանոց արագ զբոսանքները 20%-ով նվազեցնում են մահացությունը, մինչդեռ երկարատև քայլքը այն նվազեցնում է ընդամենը 4%-ով։ Այս մասին վկայում է «Ամենօրյա զբոսանքները և մահացությունը ԱՄՆ-ի մեծահասակների շրջանում՝ ըստ ռասայական և սոցիալ-տնտեսական դրության» հետազոտությունը։ Գիտական հոդվածը պատրաստել է ԱՄՆ Վանդերբիլթի և Վիսկոնսինի համալսարանների հետազոտողների խումբը։

«Էական կապ է հաստատվել բոլոր պատճառներից մահացության և ամենօրյա արագ քայլքի միջև։ Ընդամենը 15 րոպե տևողությամբ արագ զբոսանքը օրական նվազեցնում է ընդհանուր մահացությունը մոտ 20%-ով, մինչդեռ երեք ժամ տևողությամբ դանդաղ քայլքը մահացությունը նվազեցնում է ընդամենը 4%-ով»,- ասվում է հետազոտության մեջ։

Մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 79,8 հազար մարդու տվյալներ։ Նրանք պարզել են, որ ուղեկցող հիվանդություններ ունեցող մասնակիցների մոտ մահացության ռիսկի նվազումն ավելի արտահայտված է եղել, քան ընդհանուր առմամբ առողջների մոտ, հայտնում է РИА Новости-ն։ Թեև արագ քայլքը օգուտ է բերել բոլոր մարդկանց։

«Կանոնավոր զբոսանքները, հատկապես արագ տեմպով, հանգեցնում են մահացության նվազման։ Արդյունքներն ընդգծում են արագ զբոսանքների խթանման կարևորությունը՝ որպես առողջական ցուցանիշները բարելավելու իրագործելի և արդյունավետ ռազմավարություն»,- եզրակացրել են հետազոտողները։