Իլինոյսի համալսարանի (Չիկագո) գիտնականները պարզել են, թե ինչու է տարիքի հետ մեր «պաշտպանիչ զտիչը»՝ ուղեղ-արյուն պատնեշը, սկսում ավելի վատ աշխատել և թույլ տալ ավելորդ նյութերի անցումը, ինչը կարող է հանգեցնել հիշողության վատթարացման։ Ուսումնասիրությունը հրապարակվել է Cell Reports ամսագրում և նոր հնարավորություններ է բացում տարիքային հիշողության խնդիրների վաղ բուժման համար։
Գեմատոէնցեֆալիկ պատնեշը բջիջների շերտ է, որը ծածկում է ուղեղի անոթները։ Այն թույլ չի տալիս վիրուսներին, բակտերիաներին և տոքսիններին ներթափանցել ներս, բայց բաց է անհրաժեշտ սննդանյութերի համար։ Դրա աշխատանքում առանցքային դեր են խաղում բջիջների միջև այսպես կոչված ամուր շփումները։ Այս համակարգի գլխավոր «պահակներից» է օկլյուդին սպիտակուցը։
Տարիքի հետ պատնեշը սկսում է «արտահոսել»։ Սա կարող է հիշողության հետ կապված խնդիրներ առաջացնել արդեն միջին տարիքում։ Մինչ այժմ այս գործընթացի մեխանիզմն անհայտ է եղել։
Նախկին փորձերում Օլգա Կոմարովայի գլխավորած թիմը պարզել է, որ անոթների բջիջներից N-կադհերին սպիտակուցի հեռացումն անոթներն ավելի թափանցելի է դարձնում, այդ թվում՝ նաև ուղեղում։ Նոր ուսումնասիրության մեջ գիտնականները ստուգել են, թե ինչպես է դա ազդում հիշողության վրա։ Պարզվել է, որ առանց գործող N-կադհերինի մկների հիշողությունն ավելի վատ է. նրանք սովորում են ինչպես սովորականները, բայց արագ են մոռանում ամեն ինչ։
Ուղեղի վերլուծությունը ցույց է տվել, որ պատճառը նույն օկլյուդինն է։ Առանց N-կադհերինի դրա քանակը նվազում է, ամուր շփումները թուլանում են և պատնեշն ավելի «անցքերով» է դառնում։ Հետազոտողները պարզել են, որ երբ հարևան բջիջների N-կադհերինները միանում են՝ դրանք ազդանշանների շղթա են գործարկում, որը կայունացնում է օկլյուդինը և պահպանում պատնեշի ամբողջականությունը։
Ստուգելու համար, թե արդյոք նույնը տեղի է ունենում մարդկանց մոտ՝ թիմը ուսումնասիրել է էպիլեպսիայի վիրահատության ժամանակ վերցված ուղեղի հյուսվածքի նմուշները: Միջին տարիքի մարդիկ N-կադհերինի և օկլուդինի ավելի ցածր մակարդակ են ունեցել, քան երիտասարդները:
Սա առաջին ուսումնասիրությունն է, որը ցույց է տվել, թե ինչպես են N-կադհերինի կողմից գործարկվող ազդանշանները կառավարում ուղեղի պատնեշի «ամուր շփումները»։ Եվ քանի որ փոփոխությունները սկսվում են դեռևս միջին տարիքում, գիտնականները կարծում են, որ հնարավոր կլինի բուժել տարիքային հիշողության խնդիրները՝ դրանց լուրջ զարգացումից շատ առաջ։ Այժմ թիմը փնտրում է այս ազդանշանային շղթայի հատվածները, որոնց վրա կարելի է ազդել դեղամիջոցների միջոցով։






