Բեյլորի բժշկական քոլեջի և Տեխասի մանկական հիվանդանոցի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները բացահայտել են աղիքների և ուղեղի միջև անմիջական կապի մեխանիզմ, որը գործում է ակնթարթորեն։

Հետազոտությունը ցույց է տվել, որ օրգանիզմում կա հատուկ նյարդային ուղի, որը ճանաչում է բակտերիաների որոշակի սպիտակուցներ և անմիջապես տեղեկատվություն է փոխանցում ուղեղին։

Այս գործընթացում հիմնական դերը պատկանում է թափառող նյարդի նեյրոնների վրա գտնվող TLR5 ընկալիչին։ Այն զգայուն է ֆլագելինի՝ շարժունակ բակտերիաների մտրակիկների սպիտակուցային բաղադրիչի նկատմամբ, հաղորդում է Planet Today-ը։ Նման նեյրոններից ազդանշանները հասնում են գլխուղեղին բառացիորեն վայրկյանների ընթացքում՝ շրջանցելով հորմոնալ և իմունային համակարգերը, ինչը ակնթարթային զգայական արձագանք է ապահովում։

Փորձարկումները կազմակերպվել են ինչպես կրծողների, այնպես էլ բջիջների կուլտուրաների վրա։ Հաջողվել է հետևել TLR5 ընկալիչով նեյրոնների խթանմանը և դրանց արձագանքին։ Ֆլագելինի հետ շփումից հետո դիտվել է գրգռման գրեթե ակնթարթային փոխանցում, ինչը հաստատել է աղիքների միկրոբիոտայի և կենտրոնական նյարդային համակարգի միջև արագ կապի ուղու առկայությունը։

Հետազոտության հեղինակները նշում են, որ հայտնաբերված գործընթացը կարող է փոխել մի շարք հիվանդությունների ախտորոշման և բուժման մեթոդները, ինչպիսիք են դեպրեսիվ վիճակները, աղիքային բորբոքային գործընթացները, սնուցման խանգարումները և աուտիզմի դրսևորումները։

Հայտնաբերված աղիքային միկրոֆլորայի և ուղեղի միջև ուղղակի փոխազդեցությունը նաև վկայում է մարդու մոտ զգայարանների քանակը վերանայելու անհրաժեշտության մասին։