Զուգընկերոջ ընտրության հարցում մարդու ընտրողականությունը կարող է ուղղակիորեն ազդել նրա սեռական ակտիվության վրա, բայց ոչ այնպես, ինչպես ենթադրվել է նախկինում։ Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ նրանք, ովքեր ավելի խիստ պահանջներ են դնում զուգընկերոջ անձնական հատկությունների նկատմամբ, ավելի հաճախ են հաղորդում կանոնավոր սեռական կյանքի մասին։ Իսկ այն մարդիկ, ովքեր չափազանց քմահաճ են ծանոթությունների կայքերում պրոֆիլները գնահատելիս, ընդհակառակը, հաճախ ավելի քիչ են սեռական հարաբերություններ ունենում։ Հետազոտությունը հրապարակվել է Archives of Sexual Behavior (ASB) ամսագրում։

Հարցմանը մասնակցել են 18-ից 40 տարեկան 340 միայնակ տղամարդ և կին։ Մասնակիցներին խնդրել են նշել զուգընկերոջ անձնական հատկությունները, որոնք պարտադիր են իրենց համար, նաև խնդրել են գնահատել ծանոթությունների իրական պրոֆիլների գրավչությունը։ Պարզվել է, որ տեսականորեն հստակ ձևակերպված նախապատվությունները կապված են գործընթացում ավելի մեծ վստահության և ներգրավվածության հետ, ինչը մեծացնում է սեռական կապերի հնարավորությունները։ Իսկ զուգընկերներին վաղ փուլում, հատկապես լուսանկարներով, չափազանց շատ «մերժելը», սահմանափակում է հանդիպումների և հարաբերությունների հնարավորությունները։

«Մենք ակնկալում էինք, որ որքան բարձր է ընտրողականությունը, այնքան քիչ սեքս կլինի՝ անկախ դրա տեսակից, - խոստովանել է հետազոտության առաջատար հեղինակ Հենրի Քլոուզը՝ Քվինսլենդի համալսարանից։ - Սակայն պարզվեց, որ անձնական հատկությունների ոլորտում հստակ նախապատվությունները կապված են ավելի մեծ ակտիվության հետ, մինչդեռ արտաքինի վրա չափից ավելի շատ կենտրոնանալը նվազեցնում է հնարավորությունները»։

Գիտնականներն ընդգծում են, որ հետազոտությունը չի ապացուցում պատճառահետևանքային կապեր։ Հնարավոր է, որ ոչ թե ընտրողականությունն է հանգեցնում ավելի քիչ հանդիպումների, այլ, ընդհակառակը, հանդիպումների անհաջողություններն են ձևավորում չափազանցված պահանջներ։ Ապագայում հետազոտողները նախատեսում են ավելի մանրամասն ուսումնասիրել, թե ինչպես են ընտրողականության տարբեր տեսակներն ազդում սեռական վարքի վրա։