Կորեայի գիտության և տեխնոլոգիաների առաջատար ինստիտուտի (KAIST) և այլ առաջատար գիտական հաստատությունների գիտնականները պարզել են, որ PELOTA սպիտակուցը, որը մասնակցում է ՌՆԹ-ի որակի վերահսկմանը, կարող է դանդաղեցնել ծերացումը և երկարացնել կյանքի տևողությունը։ Այս հայտնագործությունը նոր հեռանկարներ է բացում գերոնտոլոգիայի (ծերաբանություն) և նյարդադեգեներատիվ հիվանդությունների թերապիայի ոլորտում։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում։
PELOTA-ն կարևոր դեր է խաղում ՌՆԹ-ի որակի վերահսկման մեխանիզմում՝ օգնելով բջիջներին վերացնել թերի մՌՆԹ մոլեկուլները և կանխել դրանց բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա։
ՌՆԹ-ի դերը ծերացման գործում ուսումնասիրվել է միայն մասամբ, սակայն նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ PELOTA-ն կարևոր է բջջային հոմեոստազը պահպանելու և ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար։
Ծերացման ուսումնասիրություններում լայնորեն օգտագործվող Caenorhabditis elegans նեմատոդի հետ կատարված փորձերի ժամանակ գիտնականները պարզել են, որ PELOTA-ի գերարտահայտումը զգալիորեն մեծացնում է այդ օրգանիզմների կյանքի տևողությունը, ինչը ցույց է տալիս, որ ռիբոսոմների հետ կապված ՌՆԹ-ի որակի վերահսկման մեխանիզմները կարևոր դեր են խաղում երկարակեցության պահպանման գործում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ PELOTA-ն կարգավորում է երկու հիմնական ուղի՝ mTOR-ը, որը պատասխանատու է բջիջների աճի և նյութափոխանակության համար և աուտոֆագիան՝ բջիջները վնասված բաղադրիչներից մաքրելու գործընթացը: PELOTA-ի անբավարարության դեպքում mTOR-ը գերակտիվանում է և աուտոֆագիան ճնշվում է, ինչը արագացնում է ծերացումը: Ի տարբերություն դրա, PELOTA-ի ակտիվացումը կանխում է mTOR-ը և խթանում աուտոֆագիան՝ պահպանելով բջջային հավասարակշռությունը և երկարացնելով կյանքը:
Այս հայտնագործությունը նոր հորիզոններ է բացում ծերացումը դանդաղեցնելուն և նյարդադեգեներատիվ հիվանդությունները բուժելուն ուղղված թերապևտիկ մեթոդներ մշակելու համար։ Բջջային հոմեոստազը պահպանելու գործում PELOTA-ի դերի ըմբռնումը կարող է հանգեցնել դեղամիջոցների ստեղծմանը, որոնք կակտիվացնեն այդ սպիտակուցը, ինչն էլ իր հերթին կարող է դանդաղեցնել տարիքային փոփոխությունները և բարելավել կյանքի որակը։






