Չինացի հետազոտողները ստեղծել են կանաչ թեյի, վիտամին E-ի և ծովային ջրիմուռների հիմքով ուտելի միկրոսֆերաներ, որոնք խոչընդոտում են աղիքներում ճարպերի յուրացմանը։ Առնետների վրա կատարված առաջին փորձարկումները ցույց են տվել, որ քաշի նվազեցման այս նոր մոտեցումը կարող է ավելի անվտանգ այլընտրանք դառնալ վիրահատությանը կամ դեղամիջոցներին։ Այս մասին հայտնում է Ամերիկյան քիմիական ընկերությունը (ACS)։

Ճարպակալման դեմ պայքարի գոյություն ունեցող մեթոդները հաճախ ռիսկեր են պարունակում։ Այսպես, բարիատրիկ վիրաբուժությունը համարվում է արդյունավետ, բայց ինվազիվ միջամտություն է։ Դեղամիջոցները նվազեցնում են ճարպերի յուրացումը, սակայն կարող են առաջացնել ծանր կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ լյարդի և երիկամների վնասումներ։

Նման խնդիրներից խուսափելու համար թիմը սինթեզել է բուսական միկրոսֆերաներ. կանաչ թեյի պոլիֆենոլները և վիտամին E-ն կազմում են միջուկը, որը կապում է ճարպի մոլեկուլները, իսկ ծովային ջրիմուռներից ստացված պոլիմերը պաշտպանում է կառուցվածքը ստամոքսի թթվային միջավայրում քայքայվելուց։ Ընկնելով աղիքներ՝ սֆերաներն ընդարձակվում են և սկսում «որսալ» ճարպերը՝ դրանք օրգանիզմից դուրս բերելով բնական ճանապարհով։

«Մեր միկրոսֆերաներն աշխատում են անմիջապես աղիքներում՝ արգելափակելով ճարպերի յուրացումը մեղմ և ոչ ինվազիվ եղանակով», - բացատրել է Սիչուանի համալսարանի ասպիրանտ Յուե Վուն։

Ճարպոտ սննդակարգով (կալորիաների 60%-ը՝ ճարպերից) սնվող առնետների վրա փորձարկումների արդյունքում միկրոսֆերաներ ստացած կենդանիները մեկ ամսում կորցրել են մարմնի զանգվածի մոտ 17%-ը։ Նրանց մոտ նվազել է ճարպային հյուսվածքի քանակը և լյարդի վնասվածքները, ինչպես նաև ավելացել է կղանքի հետ արտազատվող ճարպերի քանակը։ Ընդ որում, առնետների մոտ կողմնակի ազդեցություններ չեն նկատվել։

Գիտնականներն արդեն սկսել են համագործակցել կենսատեխնոլոգիական ընկերության հետ՝ միկրոսֆերաների լայնածավալ արտադրության համար և նախաձեռնել են կլինիկական հետազոտություն՝ 26 մարդու մասնակցությամբ։

Ըստ հեղինակների, մարդկանց վրա փորձարկումների առաջին արդյունքները կարող են հայտնվել մեկ տարվա ընթացքում։ Եթե տեխնոլոգիան հաստատի իր արդյունավետությունն ու անվտանգությունը, միկրոսֆերաները հնարավոր կլինի թողարկել սովորական սննդի մեջ հավելումների տեսքով։