ՄաքԳիլի համալսարանի առողջապահության հետազոտական ինստիտուտի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե ծնողները տառապում են շաքարախտով, ապա երեխաների մոտ 1-ին տիպի շաքարախտի զարգացման բարձր ռիսկ կա։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են EСlinical Medicine ամսագրում։

Մասնավորապես, հղիության ընթացքում շաքարային դիաբետ ունեցող մայրերի երեխաներն ունեն 94%-ով ավելի բարձր ռիսկ, իսկ 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող հայրերի երեխաները՝ 77%-ով ավելի բարձր ռիսկ՝ համեմատած այն երեխաների հետ, որոնց ծնողները չունեն դիաբետ։

1-ին տիպի շաքարախտը աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի բջիջները, որոնք արտադրում են ինսուլին։

Ի տարբերություն 2-րդ տիպի և հղիության շաքարախտի, որոնց դեպքում օրգանիզմը չի կարողանում արդյունավետորեն օգտագործել ինսուլինը՝ 1-ին տիպի շաքարախտը պայմանավորված է ինսուլինի պակասով։ Սակայն հետազոտողները ենթադրում են, որ ինսուլինակայունության զարգացմանը նպաստող գործոնները կարող են ազդել նաև իմունային համակարգի վրա, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել 1-ին տիպի շաքարախտի։

Ուսումնասիրությունը ընդգծում է ընտանեկան պատմությունը հաշվի առնելու կարևորությունը երեխաների մոտ 1-ին տիպի շաքարախտի վաղ ախտորոշման և հայտնաբերման ժամանակ: Բժիշկները խորհուրդ են տալիս ծնողներին, մասնավորապես՝ հղիության շաքարախտ ունեցող մայրերին և 2-րդ տիպի շաքարախտով հայրերին, հետևել այնպիսի ախտանիշների, ինչպիսիք են ծարավի ավելացումը և հաճախակի միզարձակումը և դիմել բժշկի, եթե դրանք ի հայտ են գալիս:

Նախկինում անցկացված ուսումնասիրությունները նույնպես ցույց են տվել՝ ծնողների շաքարախտի և երեխաների մոտ 1-ին տիպի շաքարախտի զարգացման ռիսկի միջև կապը։ Սակայն նոր հետազոտությունը առաջինն է, որը դիտարկում է հայրերի մոտ 2-րդ տիպի շաքարախտի ազդեցությունը երեխաների մոտ 1-ին տիպի շաքարախտի զարգացման վրա։ Այս բացահայտումը կարող է օգնել 1-ին տիպի շաքարախտի վաղ ախտորոշման և կանխարգելման ավելի արդյունավետ մեթոդների մշակմանը։