Աղի չարաշահումը կարող է ոչ միայն երիկամների ծանրաբեռնվածության պատճառ դառնալ, այլև նպաստել ուղեղի բորբոքմանը և զարկերակային ճնշման բարձրացմանը։ Սա ընդգծում է ոչ միայն աղի օգտագործման, այլև զարկերակային հիպերտենզիայի զարգացման գործում ուղեղի կարևոր դերը։

Կանադայի ՄաքԳիլի համալսարանի փորձագետներից կազմված հետազոտական խումբն ուսումնասիրել է, թե ինչպես է աղի բարձր պարունակությամբ սննդակարգն ազդում ուղեղի վրա և ի վերջո, նպաստում զարկերակային ճնշման բարձրացմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neuron ամսագրում։

Հետազոտությունն անցկացվել է առնետների վրա, որոնք կերակրվել են աղի բարձր պարունակությամբ սննդակարգով։ Ըստ հետազոտողների՝ այդպիսի սննդակարգը համեմատելի է մարդկանց այն սննդակարգի հետ, որի հիմքում ընկած են բազմաթիվ կիսաֆաբրիկատները, ֆասթ-ֆուդը և նրբերշիկները, հաղորդում է Planet Today-ը։

Հետազոտողները պարզել են, որ աղի բարձր պարունակությամբ սննդակարգի օգտագործումը ուղեղի որոշակի հատվածում կապված է իմունային բջիջների ակտիվացման հետ, որը հրահրում է բորբոքային ռեակցիա։ Սա հանգեցրել է վազոպրեսին հորմոնի արտազատմանը, որը, ինչպես հայտնի է, բարձրացնում է զարկերակային ճնշումը։

«Սա ևս մեկ ապացույց է, որ հիպերտոնիան կարող է առաջանալ գլխուղեղում և ճանապարհ է բացում դեպի բուժման մեթոդների մշակումը, որոնք ազդում են ուղեղի վրա», - պարզաբանում է հետազոտության հեղինակ Մաշա Պրագեր-Հաթորսկին։

Հետազոտողների տվյալներով՝ հիպերտոնիա ունեցող մարդկանց մոտ մեկ երրորդը չի արձագանքում տարածված դեղամիջոցներին, որոնք հիմնականում ազդում են արյունատար անոթների և երիկամների վրա։ Այդ հիվանդների համար նոր հետազոտությունը կարող է շրջադարձային լինել։

Եթե ուղեղն իսկապես կենտրոնական դեր է խաղում հիպերտոնիայի զարգացման գործում, ապա ապագայում կարող են մշակվել բուժման նոր մեթոդներ, որոնք ուղղված կլինեն հենց դրա վրա։ Թիմը նախատեսում է պարզել, թե արդյո՞ք նմանատիպ մեխանիզմներ գոյություն ունեն հիպերտոնիայի այլ ձևերի դեպքում։

Թեև արդյունքները ստացվել են կենդանիների մոդելների վրա, կարելի է ենթադրել, որ նմանատիպ մեխանիզմներ գոյություն ունեն նաև մարդկանց մոտ և հետևաբար, հետազոտությունը հստակ եզրակացություն է տալիս. աղի չափավոր օգտագործումը կարևոր գործոն է նորմալ զարկերակային ճնշումը պահպանելու համար, իսկ ուղեղը կարող է դառնալ ապագայում հիպերտոնիայի ավելի արդյունավետ բուժման բանալին։

Աղի օգտագործումը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում աղը փոխարինել թարմ խոտաբույսերով կամ համեմունքներով՝ ուտելիք պատրաստելիս։ Կարևոր է նաև հրաժարվել խիստ վերամշակված մթերքներից, ինչպիսիք են չիպսերը, արագ պատրաստվող լափշան կամ նրբերշիկները։