Մարմնի քաշի նվազեցման համար կիրառվող GLP-1 ագոնիստների խմբի դեղամիջոցները կարող են կիսով չափ նվազեցնել հոսպիտալացման կամ վաղաժամ մահվան ռիսկը սրտային անբավարարությամբ հիվանդների մոտ։ Այս տվյալները ներկայացրել են գիտնականները Մադրիդում կայացած աշխարհի խոշորագույն սրտաբանական համաժողովում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA ամսագրում։
GLP-1 դեղամիջոցները, ներառյալ սեմագլուտիդը և տիրզեպատիդը, նմանակում են հագեցվածության զգացում առաջացնող հորմոնը։ Ի սկզբանե դրանք օգտագործվում էին շաքարախտի բուժման համար, սակայն ավելի ու ավելի շատ ուսումնասիրություններ հաստատում են դրանց օգուտը նաև այլ հիվանդությունների դեպքում։
Mass General Brigham ցանցի ամերիկացի հետազոտողները վերլուծել են ավելի քան 90 հազար հիվանդների տվյալներ՝ ճարպակալումով, 2-րդ տիպի շաքարախտով և պահպանված արտամղման ֆրակցիայով սրտային անբավարարությամբ (HFpEF)՝ հիվանդության ամենատարածված ձևը։
Արդյունքները տպավորիչ են.
-
սեմագլուտիդ ընդունող հիվանդների մոտ հոսպիտալացման կամ մահվան ռիսկը նվազել է 42%-ով.
-
տիրզեպատիդ ընդունելիս՝ 58%-ով։
Դոկտոր Նիլս Կրյուգերի՝ հետազոտության հեղինակներից մեկի վկայությամբ, այսօր HFpEF թերապիայի հնարավորությունները սահմանափակ են, իսկ նոր տվյալները ցույց են տալիս, որ GLP-1 դեղամիջոցները կարող են դառնալ երկար սպասված բուժման տարբերակ ճարպակալումով և շաքարախտով հիվանդ մարդկանց համար։
Փորձագետները շեշտում են, որ այս դեղամիջոցների ազդեցությունը կարող է կապված լինել ոչ միայն քաշի կորստի, այլև օրգանօզմի վրա այլ դրական ազդեցությունների հետ։
Ավելի վաղ արդեն ցույց էր տրվել, որ սեմագլուտիդը 20%-ով նվազեցնում է սրտի կաթվածի, ինսուլտի կամ սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը։ Նոր հետազոտությունը դարձել է առաջինը, որտեղ ապացուցվել է զգալի ազդեցություն հիմնական արդյունքների՝ հոսպիտալացման և մահացության վրա՝ հիվանդների մեծ խմբում։
Թեև մասնագետները կոչ են անում հետագա ստուգումների, նրանք արդյունքները «շատ լավ նորություն» են անվանում ամբողջ աշխարհում սրտային անբավարարությունից տառապող միլիոնավոր մարդկանց համար։