Պզուկի առաջացումն այլևս խուճապի առիթ չէ, քանի որ կան ցանավորման դեմ նախատեսված սպեղանի՝ փոքրիկ կպչուն ժապավեններ, որոնք ծածկում են անցանկալի պզուկը և օգնում նրան ապաքինվել։ Ամերիկյան քիմիական ընկերության հետազոտողների խումբը, որը հոդված է հրապարակել ACS Applied Materials & Interfaces-ում, մշակել է ակնեի դեմ սպեղանիների երկշերտ հավաքածու՝ բազմաթիվ մանր փշերով, որոնք կպչում են պզուկին և հակաբակտերիալ կամ հակաբորբոքային նյութեր են սնուցում։ Մարդկանց վրա կլինիկական փորձարկումները հաստատել են, որ 7-օրյա բուժումից հետո ցանավորումն ամբողջությամբ անհետացել է։

Ակնեի դեմ սպեղանիներն արտադրվում են պոլիմերներից, որոնք կլանում են ավելորդ խոնավությունն ու յուղը, հայտնում է «Научная Россия»-ն։ Որոշ սպեղանիներ պարունակում են դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են բորբոքումը կամ պայքարում վարակի դեմ։ Նման սպեղանիներում հաճախ օգտագործվում են միկրոմատրիցաներ (մանր փշերի շարքեր), որոնք ներթափանցում են մաշկի վերին շերտ և դեղանյութերը հասցնում ստորին շերտերին։ Սակայն միկրոմատրիցաները կարող են տեղաշարժվել կրելու ընթացքում և գրգռել մաշկը։ Այդ իսկ պատճառով գիտնականները որոշել են մշակել միկրոմատրիցային հարթակով սպեղանիների համակարգ, որը չի տեղաշարժվում։

Սկզբում հետազոտողները 3D տպիչով տպել են նետի ծայրի ձև ունեցող փշերով միկրոմատրիցա։ Այս յուրահատուկ ձևի շնորհիվ կպչուն ժապավենը ամուր կպնում է մաշկին։ Սպեղանիների հիմքը բաղկացած է հիալուրոնաթթվից՝ մածուցիկ պոլիմեր, որը հաճախ օգտագործվում է մաշկի խնամքի միջոցներում, խառնված հակաբակտերիալ (ներառյալ սալիցիլաթթուն և ցանովի կանեփի էքստրակտը) կամ հակաբորբոքային (նիացինամիդ և երիցուկի էքստրակտ) նյութերի հետ։

Սպեղանիները կլինիկական փորձարկումներ են անցել։ Առաջին օրը մասնակիցները կպցրել են հակաբակտերիալ սպեղանի, իսկ հաջորդ 6 օրերի ընթացքում՝ հակաբորբոքային սպեղանի։ Հիալուրոնաթթվի հիմքով միկրոմատրիցան մաշկի մեջ լուծվել է 30-90 րոպեի ընթացքում՝ առանց ցավ կամ գրգռվածություն առաջացնելու։ 3 օր հետո մասնակիցները նշել են, որ մշակված հատվածներում ցանավորման քանակը 81%-ով նվազել է՝ չմշակված հատվածների համեմատ, իսկ 7 օր հետո մշակված հատվածներն ամբողջությամբ մաքրվել են սև կետերից։ Բացի այդ, հետազոտողները նշել են մաշկի ճարպի՝ ակնե առաջացնող յուղոտ նյութ, արտադրության զգալի նվազում։ Մասնակիցների մոտ 95%-ը հայտնել է, որ գոհ է բուժման արդյունքներից։

Այս տեխնոլոգիան կարելի է հարմարեցնել այլ դեղամիջոցներ սնուցելու համար։ «Մեր աշխատանքն ընդգծում է միկրոմատրիցային սպեղանիների ներուժը՝ որպես հարթակ այնպիսի խնդիրներ լուծելու համար, որոնք դուրս են ակնեի բուժման շրջանակներից՝ սկսած մաշկային հիվանդություններից մինչև ճարպակալման թերապիա և պատվաստանյութերի մատակարարում»,- բացատրում է հոդվածի հեղինակ Քիմը։