Քրոնիկ անքնությունից տառապող մարդիկ տարիքի հետ ավելի արագ են կորցնում հիշողությունը և ճանաչողական ունակությունները, քան նրանք, ովքեր նորմալ են քնում: Այս եզրակացությանը հանգել է գիտնականների միջազգային խումբը: Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում: Քրոնիկ անքնությունը սահմանվում է որպես շաբաթական առնվազն երեք գիշեր քնի հետ կապված խնդիրներ՝ երեք ամիս կամ ավելի երկար: Նման մարդիկ 40%-ով ավելի բարձր ռիսկ ունեն զարգացնելու թեթև ճանաչողական խանգարում կամ դեմենցիա, ինչը համարժեք է ուղեղի ծերացման մոտ 3.5 լրացուցիչ տարվա:

«Անքնությունը ոչ միայն ազդում է հաջորդ օրվա ձեր ինքնազգացողության վրա, այլև կարող է ազդել ուղեղի առողջության վրա երկարաժամկետ հեռանկարում», - ասել է ուսումնասիրության հեղինակ Դիեգո Կարվալյոն:

Ուսումնասիրությանը մասնակցել է 2750 տարեց մարդ (միջինում 70 տարեկան), որոնք հսկվել են գրեթե վեց տարի: Նրանց 16%-ի մոտ ախտորոշվել է քրոնիկ անքնություն: Այս ընթացքում անքնություն ունեցող մասնակիցների 14%-ի մոտ հայտնաբերվել է դեմենցիա կամ թեթև ճանաչողական խանգարում: Միևնույն ժամանակ, անքնություն չունեցողների շրջանում միայն 10%-ն է ունեցել նման ախտանիշներ:

ՄՌՏ-ն և այլ մեթոդները ցույց են տվել, որ անքնություն ունեցող մարդիկ ավելի հակված էին ուղեղի մանր արյան անոթների և Ալցհայմերի հիվանդության հետ կապված ամիլոիդային վահանիկների վնասվածքի: Հետևանքները հատկապես արտահայտված էին APOE ε4 գենի կրողների մոտ, որը մեծացնում է Ալցհայմերի հիվանդության առաջացման ռիսկը։

Հետաքրքիր է, որ հետևանքները կախված էին նաև քնի վերջին որակից. նրանք, ովքեր վերջին շաբաթներին սովորականից քիչ էին քնում, ավելի վատ ճանաչողական ցուցանիշներ ունեին և ուղեղի վնասվածքի ավելի շատ նշաններ, մինչդեռ նրանք, ովքեր սովորականից շատ էին քնում, ընդհակառակը, ավելի քիչ անոթային խանգարումներ էին ցուցաբերում։

Գիտնականները ընդգծում են, որ անքնությունը կարող է լինել վաղ նախազգուշացման ազդանշան, և ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել քնի խանգարումների բուժմանը։