ԱՄՆ Բրիգամի կանանց հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների մետաբոլիտները կարող են նվազեցնել ցերեկային քնկոտությունը, մինչդեռ ֆերմենտացված սննդի վերամշակման արդյունքները, ընդհակառակը, ուժեղացնում են այն։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են eBioMedicine ամսագրում։

Ցերեկային քնկոտությունը երկար ժամանակ համարվում էր հիմնականում հոգեբանական խանգարում կամ անբավարար քնի հետևանք։ Սակայն նոր տվյալները ցույց են տալիս, որ դրա զարգացման գործում ներգրավված են մետաբոլիտները՝ մոլեկուլներ, որոնք առաջանում են օրգանիզմում հորմոնների և արտաքին միջավայրի գործոնների, այդ թվում՝ սննդի ազդեցության ներքո։

«Լատինաամերիկյան համայնքի առողջություն» նախագծի շրջանակներում հետազոտողները վերլուծել են ավելի քան վեց հազար մասնակիցների արյան նմուշներում առկա 877 մետաբոլիտներ։ Մասնակիցները նաև հարցման են ենթարկվել, որի ընթացքում գնահատվել է ցերեկը տարբեր իրավիճակներում քնելու հաճախականությունը։

Արդյունքում հաջողվել է առանձնացնել յոթ մետաբոլիտ, որոնք ամենամեծ ազդեցությունն են ունենում քնկոտության վրա։ Այսպես, օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուները, որոնք պարունակվում են ձկան, ընկույզի և ձվի դեղնուցի մեջ, նվազեցնում էին ցերեկային քնկոտության հավանականությունը։ Ընդհակառակը, տիրամինը, որը առկա է ֆերմենտացված և գերհասունացած մթերքներում, մեծացնում էր դրա ռիսկը, հատկապես տղամարդկանց մոտ։ Բացի այդ, այն կապված էր գիշերային քնի որակի վատացման հետ։

Գիտնականները նաև բացահայտել են երեք լրացուցիչ մոլեկուլներ, որոնց ազդեցությունը տարբերվում է՝ կախված սեռից։ Մասնավորապես, կանացի պրոգեստերոն հորմոնը, որը կարգավորում է քնի գործընթացները և մելատոնինի արտադրությունը, կարող է կարևոր դեր խաղալ այդ տարբերությունների մեջ։

Հեղինակները նշում են, որ ստացված արդյունքները կօգնեն ավելի խորը հասկանալ քնի կենսաբանական մեխանիզմները և ապագայում կարող են նոր մոտեցումների հիմք դառնալ քնի խանգարումների կանխարգելման և բուժման համար։