Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ արտահայտված նևրոտիզմ և նորության նկատմամբ ցածր անկանխակալություն ունեցող մարդիկ ավելի հաճախ են հայտնում անքնության առովել ծանր ախտանիշների մասին: Միևնույն ժամանակ, անհանգստությունը կարևոր դեր է խաղում այդ կապում՝ հանդես գալով որպես միջնորդ բնավորության գծի և քնի խանգարման միջև: Աշխատանքը հրապարակվել է Journal of Sleep Research (JSR) բժշկագիտական հանդեսում:

Անքնությունը քնի ամենատարածված խանգարումներից մեկն է: Այն կարող է դրսևորվել քնելու դժվարությամբ, հաճախակի արթնացումներով կամ չափազանց վաղ արթնանալով՝ կրկին քնելու անկարողությամբ: Երկարատև ձևը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, ճարպակալման, իմունիտետի թուլացման վտանգը և լրջորեն ազդում է տրամադրության, աշխատունակության և ճանաչողական գործառույթների վրա:

Նևրոտիզմը անհատականության հատկանիշ է, որն արտացոլում է մարդու բացասական հույզեր զգալու հակվածությունը՝ տագնապ, դյուրագրգռություն, ճնշվածություն, ցասում: Նևրոտիզմի բարձր մակարդակ ունեցող մարդիկ սովորաբար ավելի ուժեղ են արձագանքում սթրեսային իրավիճակներին, ավելի հաճախ տագնապ զգեւմ և ավելի վատ հաղթահարում լարվածությունը:

Բարբարա Արաուջո Քոնվեյի գլխավորած գիտնականների խումբը համեմատել է անքնություն ունեցող 353 և քնի հետ կապված գանգատներ չունեցող 242 մարդկանց տվյալները: Մասնակիցները լրացրել են առցանց հարցումներ, որոնք գնահատել են անքնության ծանրությունը, բնավորության գծերը (ըստ «Մեծ հնգյակի» մոդելի՝ էքստրավերտություն, բարեհաճություն (բարյացակամություն, համաձայնության գալու ունակություն), բարեխղճություն (կազմակերպվածություն), նևրոտիզմ (բացասական հույզերի նկատմամբ նախատրամադրվածություն), փորձառությունների նկատմամբ անկանխակալություն (բանականություն-խմբ.)  և անհանգստության ու դեպրեսիայի մակարդակը։

Բարձր նևրոտիզմը կապված էր ավելի ծանր անքնության հետ: Նորի նկատմամբ անկանխակալությունը և բարեխղճությունը (կարգապահությունը)՝ ընդհակառակը, ավելի քիչ ծանր ախտանիշների հետ: Անհանգստությունն ու դեպրեսիան ավելի ուժեղ կապված էին անքնության հետ, քան բուն անհատականության գծերը։

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ անհանգստությունն ամբողջությամբ բացատրում է նևրոտիզմի և անքնության միջև փոխադրաձ կապը: Նևրոտիզմի բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի հակված են տագնապ զգալու, ինչը խանգարում է նրանց քնել։

Անհատականության գծերի դերի ըմբռնումը կարող է օգնել քնի խանգարումների բուժման անհատականացմանը: Միևնույն ժամանակ, հետազոտողներն ընդգծում են, որ իրենց տվյալները դիտարկողական բնույթ ունեն, և ուղղակի պատճառահետևանքային կապի մասին դեռևս հնարավոր չէ խոսել: