Ընդհանուր անեսթեզիայի ենթարկվող մարդկանց մոտ վիրահատությունից հետո՝ օրեր եւ նույնիսկ շաբաթներ շարունակ կարող է հիշողության եւ կոգնիտիվ կարողությունների կորուստ նկատվել: Այս եզրահանգմանը եկած գիտնականները միաժամանակ նաեւ միջոց են գտել՝ անեսթետիկ դեղամիջոցների՝ հիշողության վրա ազդեցությունը չեզոքացնելու համար, հաղորդում է FoxNews-ը:
Նախ, լաբորատոր մկների նկատմամբ իրականացված փորձարկումների ընթացքում միանշանակ ապացուցվել է, որ ցանկացած անեսթեստիկ կարող է հիշողության՝ առնվազն մինչեւ մեկ շաբաթ տեւողությամբ կորուստ հրահրել: Այնուհետեւ կրծողները եւս մեկ դեղամիջոց են ստացել, որի ազդեցությամբ վերը նկարագրված կորուստը չեզոքացվել է:
«Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ վիրահատող բժիշկը պարտադիր պետք է տեղյակ պահի հիվանդին՝ անեսթեզիայի ազդեցությամբ հիշողության հնարավոր կորստի մասին», - նշել է Տորոնտոյի համալսարանի անեսթեզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, The Journal of Clinical Investigation ամսագրում նկարագրություն գտած գիտական աշխատանքի համահեղինակ դոկտոր Բեւերլի Օրսերը:
«Իհարկե, ենթադրվում է, որ դեղամիջոցի անեսթետիկ ազդեցության վերացման հետ մեկտեղ նաեւ հիշողությունը պետք է ամբողջությամբ վերականգնվի, սակայն նախքան վիրահատական պրոցեդուրայի մեկնարկը եւ դրանից հետո իրականացված ուսումնասիրությունների ընթացքում հիվանդների մոտ դեռեւս երկար ժամանակով հիշողության նշանակալի դեֆիցիտի առկայություն է նկատվել: Մարդիկ չպետք է խուսափեն անհրաժեշտ վիրաբուժական միջամտությունից, բայց եւ պետք է տեղյակ լինեն՝ անեսթեզիայի ազդեցության մասին՝ ռիսկերը հավասարակշռելու համար», - համոզմունք է հայտնել դոկտոր Օրսերը:
Հետազոտության արդյունքները, մասնավորապես, վկայում են, որ վիրահատության ենթարկված չափահասների 37 եւ տարեց հիվանդների 41 տոկոսի մոտ հիվանդանոցից դուրս գրվելու պահին կոգնիտիվ կարողությունների շոշափելի դեֆիցիտ է նկատվում: Ընդ որում, նրանց համապատասխանաբար 6 եւ 13 տոկոսի մոտ երեք ամիս անց եւս որոշակի խնդիրների առկայություն կարելի է արձանագրել:
«Արտահայտությունը, թե՝ «վիրահատությունից հետո տատիկն այլեւս այն չէ», համոզված եմ, շատերս ենք լսել», - մեկնաբանել է դոկտոր Օրսենը:
Հետազոտության շրջանակում գիտնականները էտոմիդատի թույլ չափաբաժին են ներարկել լաբորատոր մկներին: Անեսթետիկ դեղամիջոցը կրծողների գլխուղեղում առկա բջիջների մակերեւույթին գտնվող՝ A տիպի գամմա-ամինոբուտիրիկ թթու անվամբ հայտնի ռեցեպտորներին (γ-Aminobutyric acid type A receptors - GABAARs) ամրանալու հատկություն է դրսեւորում:
Դեղամիջոցի անեսթետիկ ազդեցության ավարտից հետո պրոֆեսոր Օրսերի գլխավորությամբ գործող գիտնականները հատուկ փորձարկում են նախաձեռնել՝ կրծողների համար՝ վերջիններիս կոգնիտիվ կարողությունների մակարդակը պարզելու համար:
Գիտահետազոտական խմբի անդամների մեկնաբանմամբ, մկները, մարդկանց նման, դեպի նորույթն են ձգտում: Փորձարկման առաջին փուլում կենդանիներին երկու տարբեր՝ նրանց համար միանգամայն անծանոթ իրեր են ներկայացվել: Երբ կրծողներն ինչպես հարկն է՝ հետազոտել են դրանք, նրանց կողմից նոր՝ կրկին երկու իրերի նկատմամբ արձագանքն է ստուգվել՝ այն տարբերությամբ, որ այս անգամ դրանցից մեկը ծանոթ է եղել կենդանիներին: Այն հիշելու դեպքում վերջիններս, որպես կանոն, ավելի շատ ժամանակ անծանոթ իրի հետազոտմանն են տրամադրում:
Անեսթետիկ դեղամիջոցի ազդեցությամբ լաբորատոր մկները ծանոթ եւ անծանոթ իրերի հետազոտմանը գրեթե հավասար ժամանակ են տրամադրել, ինչը վկայությունն է այն բանի, որ ծանոթ իրի վերաբերյալ հիշողությունը վնասվել է: Հետագա ուսումնասիրությունների արդյունքները հաստատել են, որ կոգնիտիվ կարողության վերականգնումը կարող է մինչեւ մեկ շաբաթ տեւել:
Այդուհանդերձ, գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ անեսթետիկի թիրախում հայտնված ռեցեպտորների աշխատանքն արգելակող մեկ այլ դեղամիջոցի ազդեցությամբ հնարավոր է կոգնիտիվ կարողության դեֆիցիտի չեզոքացման հասնել:
Ճիշտ է՝ առաջարկվող դեղամիջոցը միայն տարիներ անց կարող է մարդկանց նկատմամբ կիրառվել, բայց այսօր իսկ, գիտնականների հավաստմամբ, խիստ խոստումնալից է թվում՝ անեսթեզիայի կոգնիտիվ ազդեցության չեզոքացման տեսանկյունից:






