Ջուր խմելու անհագ ծարավը կարող է մատնանշել հազվադեպ, բայց լուրջ էնդոկրին հիվանդության՝ ոչ շաքարային դիաբետի մասին։ Այս մասին The Conversation պարբերականին պատմել է անատոմ, Բրիսթոլի համալսարանի հոգեբանության եւ նեյրոգիտությունների դպրոցի դասախոս  Դեն Բաումգարդտը։

«Ոչ շաքարային դիաբետը խիստ տարբերվում է ավելի հայտնի շաքարային դիաբետից։ Այն որեւէ կերպ կապված չէ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հետ, իսկ դրա պատճառը հակադիուրետիկ հորմոնի (ՀԴՀ) աշխատանքի խանգարումն է»,- բացատրել է գիտնականը։

Այդ հորմոնը, որը հայտնի է նաեւ որպես արգինին-վազոպրեսին (ԱՎՊ), կարգավորում է ջրի հավասարակշռությունն օրգանիզմում։ Այն օգնում է երիկամներին պահպանել ջուրը, հատկապես ջրազրկման պայմաններում։ Երբ այդ համակարգի աշխատանքը խանգարվում է, օրինակ՝ ՀԴՀ դեֆիցիտի դեպքում, մարդն սկսում է չափից ավելի շատ հեղուկ կորցնել, անգամ եթե մեծ քանակությամբ հեղուկ է խմում։ Դա հանգեցնում է մշտական ծարավի, ջրազրկման եւ հաճախակի միզարտադրման։

Փորձագետը նշել է, որ գոյություն ունեն ոչ շաքարային դիաբետի մի քանի տեսակներ։ Հիմնական տեսակը կապված է հիպոթալամուսում հորմոնի անբավարար արտադրման հետ։ Ձեւերից մեկն էլ դիպսոգեն ոչ շաքարային դիաբետն է, որի դեպքում խափանումները տեղի են ունենում ուղեղում հեղուկի կենտրոնում։

«Եթե այդ կենտրոնը վնասված է՝ վնասվածքի, ուռուցքի կամ վարակի պատճառով, մարդը կարող է մշտապես տառապալից ծարավ զգալ։ Դա հանգեցնում է ջրի չափից ավելի շատ օգտագործման, ինչն, իր հերթին, խանգարում է ՀԴՀ արտադրմանը եւ արատավոր շրջանի պատճառ է դառնում»,- ավելացրել է Բաումգարդտը։

Վտանգն այն է, որ հեղուկի ավելցուկը կարող է վտանգավոր չափով իջեցնել նատրիումի մակարդակն արյան մեջ։ Դա առաջ է բերում գլխացավեր, գիտակցության խառնափնթորություն, կծկումներ եւ ծանր դեպքերում՝ մահացու ելք։

Երբեմն ոչ շաքարային դիաբետի ախտանշանները շփոթում են փսիխոգեն պոլիդիպսիայի հետ, վիճակ, որի դեպքում հոգեկան այնպիսի խանգարումների պատճառով, ինչպիսին է շիզոֆրենիան, առաջանում է ջրի սեւեռուն պահանջ։

«Եղել են դեպքեր, երբ բուժառուները խմել են օրական մինչեւ 15 լիտր ջուր։ Դա կարող է հանգեցնել ծանր բարդությունների, հատկապես երբ չկա բժշկական վերահսկողություն»,- ընդգծել է գիտնականը։