Շվեդիայի Կարոլինսկա ինստիտուտի գիտնականները ստեղծել են լյարդի ծանր հիվանդությունների՝ ներառյալ ցիռոզի և քաղցկեղի զարգացման ռիսկը գնահատելու նոր մեթոդ՝ օգտագործելով երեք ստանդարտ արյան անալիզ։ Մշակումը նկարագրված է British Medical Journal (BMJ) պարբերականում։
Գիտնականների խոսքով՝ CORE անունով մոդելը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ որոշել լյարդի լուրջ պաթոլոգիաների զարգացման ռիսկը 10 տարվա ընթացքում։ Գործիքը հաշվի է առնում տարիքը, սեռը և AST, ALT և GGT ֆերմենտների մակարդակները։ Այս նյութերի կոնցենտրացիան օրգանիզմում արտացոլում է, թե լյարդը ինչ վիճակում է գտնվում։ Դրանց մակարդակը բարձրանում է օրգանի բորբոքման կամ այլ պաթոլոգիաների դեպքում։
Հետազոտողները նշել են, որ թեստը կարող է օգտագործվել առաջնային բուժօգնության մեջ՝ ասիմպտոմատիկ հիվանդների սքրինինգի համար։
«Մինչ այժմ հուսալի գործիքներ չկային լյարդի ծանր հիվանդությունների ռիսկի վաղ հայտնաբերման համար։ Ներկայումս օգտագործվող FIB-4 թեստը բավականաչափ ճշգրիտ չէ լայն պոպուլյացիայի համար և վատ է կանխատեսում երկարաժամկետ ռիսկերը»,— նշում է պրոֆեսոր Հաննես Հագստրյոմը։
CORE նոր մոդելը փորձարկվել է Ստոկհոլմի ավելի քան 480 հազար բնակիչների տվյալների վրա, ովքեր բժշկական զննումներ էին անցել 1985-ից մինչև 1996 թվականը։ Նրանց առողջությունը դիտարկվել է 30 տարվա ընթացքում։ Այդ ընթացքում մասնակիցների 1,5%-ի մոտ զարգացել են լյարդի ծանր պաթոլոգիաներ կամ փոխպատվաստում կատարելու անհրաժեշտություն է առաջացել։
CORE մոդելը կանխատեսել է հիվանդությունների զարգացման հավանականությունը 88% ճշգրտությամբ՝ այս ցուցանիշն ավելի բարձր է, քան գոյություն ունեցող գործիքներինը։ Բացի այդ, մոդելը հաջողությամբ հաստատվել է (վալիդացիա է անցել) Ֆինլանդիայի և Մեծ Բրիտանիայի անկախ խմբերի վրա։
Բժիշկների հարմարավետության համար արդեն մշակվել է առցանց հաշվիչ, որը թույլ է տալիս մեթոդը կիրառել կլինիկական պրակտիկայում։ Միևնույն ժամանակ, հետազոտողները շեշտում են, որ մոդելը լրացուցիչ ստուգման կարիք ունի բարձր ռիսկի խմբերում, օրինակ՝ երկրորդ տիպի շաքարախտով կամ ճարպակալումով մարդկանց մոտ։ Այն նույնպես պետք է ինտեգրվի էլեկտրոնային բժշկական համակարգերում՝ առօրյա աշխատանքում օգտագործումը պարզեցնելու համար։






