Սկսվել է մի կարևորագույն հետազոտություն՝ պարզելու համար՝ արդյոք արյան պարզ անալիզը կարո՞ղ է փոխարինել Ալցհայմերի հիվանդության ախտորոշման ինվազիվ և թանկարժեք ընթացակարգերին, հիվանդության, որից ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են տառապում։
Փորձարկումն անցկացնում են Մեծ Բրիտանիա Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները։ Բուժառուների հավաքագրումն արդեն ընթանում է ամբողջ երկրի՝ հիշողության բուժմամբ զբաղվող կլինիկաներում, հաղորդում է Euronews-ը։
Հետազոտության ընթացքում կստուգի՝ արդյոք արյան մեջ -tau217 սպիտակուցի մակարդակի չափումը կարո՞ղ է ապահովել Ալցհայմերի հիվանդության վաղ և հուսալի ախտորոշումը։ Դա կարող է օգնել բուժառուներին և բժիշկներին՝ բուժման համար ավելի արագ և ավելի հիմնավորված որոշումներ ընդունելիս։
Ներկայում Ալցհայմերի ախտորոշումը հաստատելու համար սովորաբար օգտագործվում է ուղեղի սկանավորումը կամ գոտկային պունկցիան, որոնք թե՛ թանկ են, թե՛ դժվարամատչելի։
Alzheimer's Research UK-ի տվյալներով՝ Ալցհայմերի հիվանդությամբ ախտորոշված մարդկանց միայն 2%-ն է անցնում բուժառուների սքրինինգի «ոսկե ստանդարտը» համարվող այդ թեստերից մեկը:
«Տասնամյակներ տևած հետազոտություններից հետո մենք այժմ ունենք Ալցհայմերի հիվանդության արյան անալիզ, որը հիմնված է համոզիչ գիտական ապացույցների վրա և տրամադրում է տեղեկություն, որը համեմատելի է այլ «ոսկե ստանդարտ» ախտորոշիչ թեստերի, մասնավորապես՝ՊԷՏ սկանավորման և գոտկային պունկցիայի հետ, բայց այն շատ ավելի մատչելի և հասանելի է»,- ասում է փորձարկման ղեկավարներից մեկը՝ Alzheimer's Research UK գլխավոր բժիշկ պրոֆեսոր Ջոնաթան Շոտը։
Հետազոտությանը կմասնակցի 1100 մարդ 20 NHS կենտրոններում։ Մասնակիցների կեսը կստանա արյան անալիզների արդյունքները երեք ամսվա ընթացքում, իսկ մյուս կեսը՝ մեկ տարի անց։ Այնուհետև հետազոտողները կորոշեն՝ արդյոք արդյունքներին ավելի վաղ հասանելիությունն արագացնում է ախտորոշումը, փոխում է կլինիկական որոշումների ընդունումը, թե՞ ազդում է բուժառուների կյանքի որակի վրա։
Շատ ընտանիքների համար ախտորոշման ավելի արագ ուղու հեռանկարը հույս է ներշնչում։ Մայքլ Ուայթը, որը հոգ է տանում իր կնոջ՝ Քեթրինին, ասում է, որ ախտորոշման ճանապարհը տևել է երկուսուկես տարի։ «Նման արյան անալիզը կօգներ մեզ ախտորոշել այն սկզբից և իսկապես կփոխեր մեր կյանքը»,- ասում է նա։
Հետազոտությունը Blood Biomarker Challenge բազմամիլիոն դոլարանոց նախագծի մի մասն է, որը ֆինանսավորում են Ալցհայմերի հիվանդության ընկերությունը, Մեծ Բրիտանիայի Alzheimer’s Research-ն և People’s Postcode Lottery-ը։
Եթե փորձարկումը բարեհաջող անցնի, այն կարող է հիմք ծառայել արյան անալիզների համար, որոնք Ազգային առողջապահական ծառայության (NHS) դեմենցիայի հայտնաբերման և բուժման արձանագրությունների ստանդարտ խնամքի մաս կդառնան։
Ըստ Alzheimer's Disease International կազմակերպության՝ ամեն տարի ախտորոշվում է դեմենցիայի ավելի քան 10 միլիոն նոր դեպք, ինչը համարժեք է յուրաքանչյուր 3,2 վայրկյանը մեկ նոր դեպքի։
2020 թվականին ամբողջ աշխարհում դեմենցիայից տառապում էր ավելի քան 55 միլիոն մարդ։ Այդ թիվը, ըստ կանխատեսումների, գրեթե կկրկնապատկվի յուրաքանչյուր 20 տարին մեկ՝ մինչև 2030 թվականը հասնելով 78 միլիոնի, իսկ մինչև 2050 թվականը՝ 139 միլիոնի։






