Բարսելոնայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են լյարդի ճարպային հիվանդության և դրան առնչվող սրտանոթային բարդությունների ռիսկը նվազեցնելու հնարավոր միջոց՝ օգտագործելով առկա դեղամիջոցները: Հետազոտությունը հրապարակվել է Pharmacological Research (PR) բժշկագիտական  հանդեսում:

Երկու դեղամիջոցների՝ լիպիդները իջեցնող պեմաֆիբրատի և տելմիսարտանի հակահիպերտոնիկ դեղամիջոցի համադրությունը կենդանիների լյարդի բջիջներում ճարպային լյարդի հիվանդության մոդելում արդյունավետորեն նվազեցնում է ճարպի կուտակումը:

Առնետների և դանիո-ռերիո ձկների  (կամ Cyprinidae- քաղցրահամ ջրերում ապրող ծածանազգիների ընտանիքի ճառագայթալողակ ձկների տեսակ)  վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ երկու դեղամիջոցների կես դեղաչափերի համակցված օգտագործումը նույնքան արդյունավետ էր, որքան յուրաքանչյուր դեղամիջոցի լրիվ դեղաչափը՝ նվազեցնելով կողմնակի ազդեցությունների ռիսկը: Գիտնականները նշում են, որ այս համակցված թերապիան միաժամանակ թիրախավորում է հիվանդության տարբեր մեխանիզմներ և կարող է ավելի անվտանգ և արդյունավետ լինել, քան մոնոթերապիան:

Հետազոտողները միաժամանակ պարզել են, որ տելմիսարտանը բարձրացնում է PCK1 սպիտակուցի մակարդակը, որը վերահասցեագրում է նյութափոխանակության ուղիները լիպիդների սինթեզից դեպի գլյուկոզի սինթեզ՝ կանխելով լյարդում ճարպի ավելորդ կուտակումը: Միաժամանակ, գլյուկոզի արտադրության աճը արյան մեջ գլյուկոզի վտանգավոր աճի չի հանգեցնում:

Ըստ հետազոտության ղեկավար Մարտա Ալեգրետի՝ ապացուցված անվտանգության պրոֆիլ ունեցող առկա դեղամիջոցների օգտագործումն ավելի հուսալի և արագ ռազմավարություն է, քան նոր մոլեկուլների մշակումը, որոնցից շատերը դեռևս կլինիկական փորձարկումներ չեն անցել: Սակայն դրանք միայն նախակլինիկական արդյունքներ են. արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատելու համար կլինիկական փորձարկումներ է անհրաժեշտ անցկացնել մարդկանց վրա։

Հեղինակներն արդեն ծրագրում են նոր փորձարկումներ հիվանդության ավելի ծանր փուլերով մոդելների վրա, ներառյալ լյարդի ֆիբրոզը և աթերոսկլերոզը՝ ստուգելու համար՝ ե արդյոք օգտակար ազդեցությունը կշարունակվի՞ նման պայմաններում: