Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ինչպես շաքարավազ պարունակող ըմպելիքները (SSB), այնպես էլ ցածր շաքարայնությամբ կամ առանց շաքարի ըմպելիքները (LNSSB) էապես կապված են նյութափոխանակային ասոցացված ճարպային լյարդի հիվանդության (MASLD) զարգացման բարձր ռիսկի հետ, գրում է Medical Xpress-ը։
Օրական 250 գրամից ավելի նման ըմպելիքներ օգտագործողների մոտ MASLD-ի զարգացման ռիսկը մեծացել է 60%-ով LNSSB-ի (HR 1.599) և 50%-ով SSB-ի (HR 1.469) դեպքում։
Դիտարկման ժամանակահատվածում 1178 մարդու մոտ զարգացել է MASLD, իսկ 108-ը մահացել է լյարդի հետ կապված հիվանդություններից։
Հետաքրքիր է, որ ցածր կամ առանց շաքարի ըմպելիքների օգտագործումը լրացուցիչ ձևով կապվում է լյարդի հիվանդությունների պատճառով բարձր մահացության հետ, ինչը հստակորեն չի հաստատվել շաքար պարունակող ըմպելիքների դեպքում։ Երկու տեսակի ըմպելիքներն էլ դրականորեն ասոցացվել են լյարդում ճարպային կուտակումների ավելացման հետ։ MASLD-ն, որը նախկինում հայտնի էր որպես ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդություն (NAFLD), բնութագրվում է լյարդում ճարպի կուտակմամբ, ինչը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել բորբոքման և այնպիսի ախտանշանների, ինչպիսիք են ցավը, հոգնածությունը և ախորժակի կորուստը։ Այս հիվանդությունը համարվում է լյարդի ամենատարածված քրոնիկ պաթոլոգիաներից մեկը. գնահատվում է, որ այն ախտահարում է աշխարհի բնակչության ավելի քան 30%-ին և դառնում է լյարդի հետ կապված մահացության լուրջ պատճառ։
Աշխատանքի գլխավոր հեղինակ Լիհե Լյուն նշել է, որ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցածր կամ առանց շաքարի ըմպելիքները կապված են MASLD-ի ռիսկի հետ արդեն իսկ չափավոր օգտագործման դեպքում, օրինակ՝ օրական մեկ տարա։
Գիտնականի կարծիքով՝ սա կասկածի տակ է դնում նման ըմպելիքների անվնասության մասին տարածված պատկերացումը և ընդգծում դրանց դերը սննդակարգում ու լյարդի առողջության վրա ունեցած ազդեցությունը վերանայելու անհրաժեշտությունը։






