«Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ուղեղի ալիքների որոշակի օրինաչափություններ կարող են նպաստել բացասական, ոչ էական տեղեկատվության «սխալ հիշելուն»,– գրում է Frontiers-ը։

Փորձի մասնակիցներին խնդրել են անգիր անել մի շարք բառեր, որոնցից մի քանիսը բացասական երանգ են ունեցել, ինչպես նաև տարբեր «շեղող» բառեր, որոնք նրանք չպետք է հիշեին։ Էլեկտրաուղեղագրի (ԷՈՒԳ) վերլուծությունը բացահայտել է, որ քնի ընթացքում ակտիվությունը և ուղեղի ալիքների հատուկ բնութագրերը կապված են եղել այն բանի հետ, թե հետագայում մասնակիցները որ բառերն են «հիշել»։

Հետազոտողները պարզել են, որ REM-թետա ակտիվությունը (արագ քնի փուլի ալիքներ) կապված է բացասական շեղող բառերի (այսինքն՝ այն բառերի, որոնք չպետք է անգիր անել) սխալ «հիշելու» ավելի մեծ հավանականության հետ։ Մինչդեռ «քնի իլիկները» (sleep spindles)՝ ակտիվության կարճ բռնկումները, կապված են եղել այն բացասական բառերի ավելի լավ անգիր անելու հետ, որոնք իսկապես «կարևոր» էին (այն բառերը, որոնք մասնակիցներին ասել էին անգիր անել)։

Հետաքրքիր է, որ քնի ընդհանուր որակը, օրինակ՝ բուն քունը, մեծ կապ չի ունեցել այն բանի հետ, թե մարդիկ ինչպես են հիշել բառերը։ Սակայն ուղեղի ալիքների բնույթը (ԷՈՒԳ-ի տարբեր տեսակի ակտիվությունը) ավելի կարևոր է եղել։ Գիտնականները նաև նկատել են, որ խորը քնի փուլը (slow wave sleep) բացասաբար է կապված եղել հիշողությունների ընդհանուր քանակի հետ. հնարավոր է՝ այն պատճառով, որ խորը քունը նպաստում է պակաս անհրաժեշտ տեղեկատվության որոշակի «մոռացմանը»։

Հեղինակները զգուշացնում են, որ ԷՈՒԳ-ի պիտանի գրանցումներով ընտրանքի չափը փոքր էր, իսկ մասնակիցների մեծ մասը ուսանողներ էին, ինչը սահմանափակում է արդյունքների ընդհանրացումը։ Նրանք ընդգծում են, որ հրահանգները (այն, ինչ մասնակիցներին ասում էին հիշել) դեռևս առաջատար դեր են խաղում, բայց էմոցիոնալ գունավորումն ուժեղացնում է էֆեկտը և կարող է նպաստել սխալ հիշողություններին։