Ավստրալիայի երիտասարդները գնալով ավելի շատ են հրաժարվում ոգելից խմիչքից, իսկ Z սերունդը գլխավորում է մշակութային փոփոխությունը, եթե այս միտումը շարունակվի, այն կարող է վերափոխել երկրի խմելու լանդշաֆտը և զգալի օգուտներ բերել հանրային առողջությանը, նշել են գիտնականները։

Ֆլինդերսի համալսարանի նոր հետազոտությունը վերլուծել է ավելի քան 23 հազար ավստրալացիների ավելի քան երկու տասնամյակի տվյալներ՝ պարզելով, որ ոգելից խմիչքից հրաժարվելը աճում է, մինչդեռ շաբաթական ոգելից խմիչքի օգտագործումը նվազում է, մասնավորապես երիտասարդ սերունդների շրջանում։

Հետազոտությունը օգտագործել է Ավստրալիայում տնային տնտեսությունների, եկամտի և աշխատանքի դինամիկայի (Household, Income and Labor Dynamics in Australia,  HILDA) հարցման տվյալները՝ հինգ սերունդների խմելու սովորությունները հետևելու համար՝ լուռ սերունդ (Silent Generation, 1928–1945 թվականներ), բեյբի բումերներ (Baby Boomers, 1946–1964 թվականներ), X սերունդ (Generation X, 1965–1980 թվականներ), միլենիալներ (Millennials 1981–1996 թվականներ) և Z սերունդ (Generation Z 1997–2012 թվականներ)։

Հետազոտության արդյունքները նկարագրող հոդվածը հրապարակվել է Addiction բժշկագիտական  հանդեսում:

Դա Ավստրալիայում անցկացված առաջին հետազոտությունն է, որն օգտագործում է երկայնական տվյալներ՝ տարիքի և սերնդային փոփոխության ազդեցությունը առանձնացնելու համար, ինչը համոզիչ ապացույցներ է ներկայացնում այն ​​մասին, որ երիտասարդների շրջանում ոգելից խմիչքի սպառման նվազումը սոսկ ժամանակավոր միտում չէ։

Հետազոտության գլխավոր հեղինակ՝ Ֆլինդերսի համալսարանին առընթեր Բժշկության և հանրային առողջության քոլեջի և Կախվածության վերաբերյալ կրթության և վերապատրաստման ազգային կենտրոնի (NCETA) դոկտոր Ջանլուկա Դի Չենսոն ասում է, որ արդյունքները հստակ սերնդային տեղաշարժ են բացահայտում։

 «Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ իրենց կյանքի ընթացքում Z սերունդը գրեթե 20 անգամ ավելի հաճախ է ընտրում ոգելից խմիչք չխմելը, քան «բեյբի բումերները», նույնիսկ սոցիալ-դեմոգրաֆիկ գործոնները հաշվի առնելուց հետո»,- ասում է նա։

«Դա սոսկ փուլ չէ։ Դա, կարծես, վարքագծի կայուն փոփոխություն է, որը կարող է երկարաժամկետ օգուտներ ունենալ հանրային առողջության համար»։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ չնայած ոգելից խմիչքից հրաժարվելը սովորաբար ամենացածրն է վաղ հասունության շրջանում, Z սերունդը ոգելից խմիչքից հրաժարվելու ավելի բարձր հակվածություն է ցուցաբերում, քան նախորդ սերունդները։

Նրանք ոչ միայն ավելի հակված են ձեռնպահ մնալու ոգելից խմիչքից, այլև շաբաթական զգալիորեն ավելի քիչ ոգելից խմիչք են օգտագործում, քան ավագ սերունդները։

Y սերունդը (Millennials) նաև ավելի քիչ է խմում, քան բեյբի բումերները, ինչը ոգելից խմիչքից ավելի լայն մշակութային առաջընթաց է ենթադրում։

Ուշագրավ է, որ չնայած Y սերունդը և X սերունդը հայտնում են ոգելից խմիչքի ավելի շատ օգտագործման մասին, քան բեյբի բումերները, նրանց ընդհանուր շաբաթական սպառումն ավելի ցածր է, ինչը ենթադրում է, որ չափից շատ խմելը կարող է առաջվա պես խնդիր լինել, բայց կանոնավոր չափից շատ սպառումը նվազում է։

Հետազոտության համահեղինակ՝ դոկտոր Կիրիլի Թոփսոնը, ասում է, որ արդյունքները կասկածի տակ են դնում Ավստրալիայում խմելու մշակույթի վերաբերյալ վաղուց ի վեր եղած ենթադրությունները։

«Տասնամյակներ շարունակ ոգելից խմիչքը խորապես արմատացած է եղել հասարակական կյանքում, բայց դա փոխվում է»,- ասում է նա։

«Երիտասարդ ավստրալացիները մեծանում են այլ աշխարհում, որտեղ ոգելից խմիչքից հրաժարվելը գնալով ավելի ու ավելի սահմանված կարգ է դառնում, և թվային հաղորդակցությունը, կյանքի աճող ծախսերը և առողջության մասին իրազեկվածությունը փոխում են այն, թե ինչպես են մարդիկ ծախսում իրենց ժամանակն ու գումարը»։

Հետազոտությունը պարզել է նաև, որ Silent Generation սերունդը՝ 1946 թվականից առաջ ծնվածները, ունեցել են շաբաթական ոգելից խմիչքի սպառման ամենաբարձր մակարդակը, նույնիսկ ավելի բարձր, քան բեյբի բումերները՝1946–1964 թվականներին ծնվածները, ինչը ենթադրում է, որ չնայած երիտասարդներն ավելի քիչ են խմում, տարեց ավստրալացիները դեռևս կարող են ենթարկվել ոգելից խմիչքին առնչվող վնասի վտանգի։   

Գիտնականները նշում են, որ վերանշյալ սերունդային միտումները կարող են օգնել ձևավորել ապագա հանրային առողջապահության ռազմավարությունները։

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ այնպիսի քաղաքականությունները, ինչպիսիք են ոգելից խմիչքի նվազագույն գները, գովազդի սահմանափակումները և առողջապահական նպատակային արշավները, կարող են օգնել ամրապնդել այդ դրական միտումները։

Նրանք միաժամանակ ընդգծում են բարձր ռիսկի խմբերի վրա կենտրոնանալու շարունակական կարևորությունը. մասնավորապես, խոսքը դեռահասների մասին է, որոնք զբաղվում են հարբեցողությամբ, և միջին տարիքի չափահասները, որոնք շաբաթական մեծ քանակությամբ ոգելից խմիչք են օգտագործում։