Ֆիզիկական ակտիվության կարճատև պոռթկումները՝ այսպես կոչված «մարզական թեթև նախուտեստները» (exercise snacks), ի վիճակի են արդյունավետորեն բարելավել նստակյաց մարդկանց սրտի և թոքերի դիմացկունությունը: Նման եզրակացության են հանգել գիտնականները՝ ամփոփելով British Journal of Sports Medicine բժշկագիտական հանդեսում հրապարակված տվյալները:
Գիտնականները նշում են, որ հետազոտության մասնակիցներն օրվա ընթացքում խիստ տրամադրված էին կարճատև մարզումներին: Նման մոտեցումը կարող է օգնել կանոնավոր ակտիվության երկու հիմնական խոչընդոտի՝ ժամանակի և շարժառիթների պակասի հաղթահարմանը:
Գիտնականների գնահատականներով՝ աշխարհում չափահասների մոտավորապես մեկ երրորդը և դեռահասների 80%-ը չի հասնում շաբաթական առաջարկվող 300 րոպե չափավոր կամ 75-150 րոպե ինտենսիվ ֆիզիկական ակտիվությանը: Հետազոտությունների աճող թիվը ցույց է տալիս, որ նույնիսկ կարճատև վարժությունները, ինչպիսիք են աստիճաններով բարձրանալը կամ մարմնի քաշով ուժային մարզումները, կարող են բարելավել առողջությունը և նվազեցնել երկարատև նստակյացության պատճառած վնասը:
Գիտնականները վերլուծել են Ավստրալիայում, Կանադայում, Չինաստանում և Մեծ Բրիտանիայում անցկացված 11 կլինիկական փորձարկում, որոնցում ներառված էին 414 նստակյաց մեծահասակներ (69%-ը՝ կանայք): «Սպորտային ընդմիջումները» սահմանվում էին որպես կարճ, մինչև 5 րոպե տևողությամբ միջին կամ ուժեղ ինտենսիվության վարժություններ, որոնք 4-12 շաբաթվա ընթացքում կատարվում էին շաբաթական 3-7 օր՝ օրական առնվազն երկու անգամ։
Վարժությունների ամենատարածված ձևը աստիճաններով բարձրանալն էր, մինչդեռ տարեցների շրջանում տարածված էին նաև ոտքերի վարժությունները և թայ չին։ Վերլուծությունը ցույց տվեց, որ նման կարճատև վարժությունները զգալիորեն բարելավել են սրտանոթային համակարգի դիմացկունությունը։ Այնուամենայնիվ, մկանային ուժի և նյութափոխանակության պարամետրերի (ճարպային զանգված, արյան ճնշում և լիպիդների մակարդակ) վրա ազդեցությունն աննշան էր։
Այնուամենայնիվ, ծրագիրը մեծխ մասնակցություն ապահովեց. մասնակիցների 91%-ը պարբերաբար մարզվում էր։ Գիտնականները կարծում են, որ կարճաժամկետ մարզական «ակտիվ նախուտեստները» կարող են շարժումն առօրյա կյանքի մաս դարձնելու և բնակչության ֆիզիկական ակտիվության մակարդակը բարձրացնելու կենսունակ միջոց լինել։






