Տարեցները, ովքեր երբևէ բանտային պատիժ են կրել, հայտնում են ավելի վատ ֆիզիկական և հոգեկան առողջության մասին, քան իրենց հասակակիցները, որոնք չունեն քրեական անցյալ, նույնիսկ եթե նրանց բանտարկությունը տեղի է ունեցել տարիներ առաջ: Այս եզրակացությանն են հանգել ամերիկացի հետազոտողները: Ուսումնասիրությունը հրապարակվել է Journal of the American Geriatrics Society (JAGS) ամսագրում:

«Family History of Incarceration Survey» հարցմանը մասնակցել են ԱՄՆ-ի 50 տարեկանից բարձր 1318 բնակիչ։ Ըստ արդյունքների՝ հարցվածների 21%-ն իր կյանքում գոնե մեկ անգամ եղել է ազատազրկման վայրերում։ Այս մասնակիցներն ավելի հաճախ եղել են տղամարդիկ, որոնք ամուսնացած չեն և ունեցել են ավելի ցածր եկամուտ ու կրթական մակարդակ՝ համեմատած բանտում չհայտնված մարդկանց հետ։

Հաշվի առնելով սոցիալ-ժողովրդագրական գործոնները, հետազոտողները պարզել են, որ բանտարկության փաստը գրեթե 90%-ով բարձրացնում է վատ ֆիզիկական առողջության հավանականությունը։ Ընդ որում, ազատազրկումից անցած ժամանակի տևողությունը չի ազդել արդյունքի վրա. նույնիսկ տասը տարուց ավելի վաղ պատիժը կրած մարդիկ ցույց են տվել առողջության համեմատաբար ցածր ցուցանիշներ։ Հոգեկան վիճակի վրա ազդեցությունը, ինչպես նշում են հեղինակները, մասամբ բացատրվել է ավելի ցածր եկամուտով և զբաղվածության մակարդակով։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ բժիշկները պետք է հաշվի առնեն պացիենտների բանտարկության պատմությունը և նրանց ուղղորդեն այնպիսի սոցիալական ծառայություններ, որոնք մասնագիտացած են նախկին դատապարտյալներին օգնելու գործում։