Պեկինի գլխավոր հիվանդանոցի և Հարվարդի հանրային առողջության դպրոցի գիտնականները պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն առաջացնում է համակարգային խանգարումներ ամբողջ մարմնում. մկանների կորուստ, ճարպային հյուսվածքի քայքայում և կենսական օրգանների աշխատանքի խափանում: Այդ գործընթացները հիմքում ընկած է հյուծանքը (Cachexia, hիմնական հիվանդությանն առնչվող՝ մկանները շարունակական կերպով ախտահարող բարդ համախտանիշ -խմբ.): Հետազոտության արդյունքները հրապարակվել են hLife բժշկագիտական հանդեսում:
Հյուծանքը պաթոլոգիական վիճակ է, որի ժամանակ արձանագրվում է օրգանիզմի ծանր հյուծում: Ի տարբերություն սովորական քաղցածության, հյուծանքը չի փոխհատուցվում սննդային հավելումներ ընդունելուց հետո: Հասկանալու համար, թե ինչպես է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը գործարկում այդ գործընթացը, գիտնականները վերլուծել են լաբորատոր և կլինիկական հետազոտությունների տվյալները:
Նրանք բացահայտել են մի քանի հիմնական գործոններ՝ խրոնիկական բորբոքում առաջացնող ցիտոկիններ (TNF-α, IL-6), մկանների աճը ճնշող՝ TGF-β ընտանիքի աճի գործոններ (ակտիվին A, GDF15), և արտաբջջային ներառուկներ՝ շատ մանր բշտիկններ, որոնց միջոցով ուռուցքը ազդանշաններ է ուղարկում այլ հյուսվածքներ:
Դրանց ազդեցություններն ակտիվացնում են մկանների ուբիքվիտին -պրոտեազոմ ուղին, որը սպիտակուցները քայքայող համակարգ է: Այդ գործընթացի ժամանակ MAFbx և MuRF1 ֆերմենտներն մկանների քայքայում են առաջացնում, մինչդեռ ATGL-ը և HSL-ը քայքայում են ճարպը։ Արդյունքում ձևավորվող թթուները սնուցում են ուռուցքը և արագացնում հիվանդի օրգանիզմի հյուծումը։
Բացի դրանից, գիտնականներն ընդգծում են, որ հյուծանքն ազդում է ոչ միայն մկանների և ճարպի վրա. այն նաև լյարդի, ուղեղի և իմունային համակարգի վրա՝ ստեղծելով նյութափոխանակության խանգարումների արատավոր շրջան։
«Այս հոդվածը հյուծանքը վերաձևակերպում է ոչ թե որպես ախտանիշ, այլ որպես քաղցկեղի առաջացրած և ամբողջ մարմնի վրա ազդող համախտանիշ»,- պարզաբանում է հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Վենմինգ Վուն։
Ըստ նրա՝ մոլեկուլային մեխանիզմների հասկացողությունը մեզ հնարավորություն է տալիս խոսել այս վիճակի ախտորոշման և բուժման նոր թիրախներ մասին։






