Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի գիտնականներն առաջին անգամ պարզել են, որ գլխուղեղի ամենաագրեսիվ եւ վտանգավոր քաղցկեղը՝ գլիոբլաստոման, ազդում է ոչ միայն ուղեղի, այլեւ գանգատուփի վրա։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature Neurosci (NatNeurosci) ամսագրում։

Նախկինում համարվում էր, որ ուռուցքն ազդում է միայն ուղեղի վրա։ Չնայած ակտիվ բուժմանը (վիրահատություն, քիմիաթերապիա եւ ճառագայթային թերապիա), գլիոբլաստոմայով հիվանդների կյանքի միջին գոյատեւման տեւողությունը ընդամենը 15 ամիս է։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գլիոբլաստոման ոչնչացնում է գանգի ոսկորները, հատկապես այնտեղ, որտեղ դրանք միաձուլվում են, եւ փոխում է այդ ոսկորների ներսում գտնվող ոսկրածուծի կազմը։

«Արյան բջիջները, այդ թվում՝ իմունային բջիջները, ձեւավորվում են ոսկրածուծում»,- բացատրել են գիտնականները։

Հետազոտողներն օգտագործել են վիզուալացման առաջավոր տեխնիկա՝ հետեւելու համար, թե ինչպես է ուռուցքն ազդում լաբորատոր մկների գանգի ոսկորների վրա: Նրանք պարզել են, որ գլիոբլաստոման առաջացնում է ոսկրային էրոզիա եւ մեծացնում է գանգն ուղեղին միացնող միկրոալիքների քանակը: Այս ալիքների միջոցով բջիջները եւ ազդանշանային մոլեկուլները կարող են ազատորեն շարժվել:

Գիտնականները նաեւ պարզել են, որ գանգի եւ ազդրոսկրի ոսկրածուծը տարբեր կերպ է արձագանքում ուռուցքին:

Գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ հիվանդությունը կտրուկ փոխում է գանգի ոսկրածուծի իմունային բջիջների կազմը. բորբոքային բջիջների, ինչպիսին են նեյտրոֆիլները եւ մոնոցիտները, քանակը կտրուկ աճում է: Միեւնույն ժամանակ, B բջիջները՝ հակամարմինների արտադրության համար պատասխանատու իմունային համակարգի կարեւոր բաղադրիչները, գրեթե անհետանում են:

«Սա բացատրում է, թե ինչու է գլիոբլաստոման դառնում ավելի ագրեսիվ եւ ինչու է այն այդքան դժվար բուժել»,- նշել է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Է. Ռիչարդ Սթենլին: Այժմ հետազոտողները քննարկում են ոսկրածուծում իմունային բջիջների նորմալ հավասարակշռությունը վերականգնելու նպատակով թերապիա ստեղծելու հնարավորությունը` ճնշելով բորբոքային բջիջները եւ ակտիվացնելով պաշտպանիչները: