Գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել գազավորված ըմպելիքների օգտագործման և դեպրեսիայի ռիսկի միջև. նույնիսկ գազավորված ըմպելիքների չափավոր օգտագործումը կարող է փոխել աղիքային մանրէների կազմը այնպես, որ մեծացնի դեպրեսիվ ախտանիշների առաջացման հավանականությունը, հատկապես կանանց մոտ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry ամսագրում։

Գազավորված ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ պարզ շաքարներ (գլյուկոզա, ֆրուկտոզա), որոնք ամբողջությամբ չեն յուրացվում աղիքում։ Չներծծվող մասը հրահրում է որոշակի բակտերիաների աճը, որն էլ թուլացնում է աղիքային լորձաթաղանթի պատնեշը, ուժեղացնում բորբոքումը և նպաստում հյուսվածքներում բակտերիաների կամ դրանց կենսագործունեության արգասիքների «արտահոսքին»։ Այս գործընթացը սերտորեն կապված է նեյրոբորբոքման և տրամադրության խանգարումների հետ։

Ուսումնասիրությանը մասնակցել է 405 մարդ՝ կլինիկակապես հաստատված մեծ դեպրեսիվ խանգարմամբ (ՄԴԽ) և 527 առողջ մասնակիցներ Marburg-Münster Affective Cohort-ից։ Հեղինակները վերլուծել են գազավորված ըմպելիքների սպառման մակարդակի, դեպրեսիայի ախտանիշների ծանրության և աղիքային միկրոբիոտայի կազմի փոփոխությունների միջև կապը, հատկապես Eggerthella և Hungatella ցեղերի բակտերիաների։

Արդյունքներ. գազավորված ըմպելիքների սպառման յուրաքանչյուր միավոր (մեկ չափաբաժին) աճի դեպքում դեպրեսիայի ախտորոշման հավանականությունն աճել է մոտ 8%-ով։ Ազդեցությունն առանձնապես արտահայտված է եղել կանանց մոտ. նրանց մոտ ռիսկը բարձրացել է մոտ ~17%-ով։ Գազավորված ըմպելիքների մեծ սպառում ունեցող կանայք նաև ունեցել են Eggerthella-ի ավելացված բաժին, որը մասնակիորեն միջնորդել է գազավորված ըմպելիքի և դեպրեսիայի միջև կապը (էֆեկտի մոտ 4-5%-ը)։

Հետաքրքիր է, որ տղամարդկանց մոտ գազավորված ըմպելիքների և դեպրեսիայի միջև վիճակագրորեն նշանակալի կապ չի հայտնաբերվել և միկրոբիոտայի բազմազանությունն ավելի ցածր է եղել միայն կանանց մոտ։