Յուտայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ Marquandomyces marquandii հողային բորբոսային սունկը կարող է ձևավորել եզակի հիդրոգել, որը պոտենցիալ կարող է փոխարինել մարդու փափուկ հյուսվածքները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of The Minerals, Metals & Materials Society (JMMMS) ամսագրում։

Հիդրոգելները վաղուց են գրավել բժիշկների և ինժեներների ուշադրությունը․ այդ նյութերը պահպանում են խոնավությունը, ունեն փափկություն և առաձգականություն, որոնք նման են մաշկին, աճառին և մկաններին։ Սակայն մինչ այժմ սինթետիկ անալոգները կա՛մ չափազանց փխրուն էին, կա՛մ վատ էին փոխազդում կենդանի բջիջների հետ։

Ըստ գիտնականների, M. marquandii-ն լաբորատոր հետազոտություններում անսպասելի հատկություններ է ցուցաբերել։ Հեղուկ սննդային միջավայրում աճեցվելիս այն ստեղծում է բազմաշերտ մանրաթելային կառուցվածք, որը մինչև 83% ջուր է պահում։

«Նման շերտերն ունեն տարբեր ծակոտկենություն՝ 40%-ից մինչև 90%, ինչը կարևոր է տարբեր տեսակի հյուսվածքներ նմանակելու համար։ Այն, ինչ մենք տեսնում ենք, հիդրոգել է, որը բառացիորեն աճում է ինքն իրեն»,- բացատրում է աշխատանքի հեղինակներից մեկը՝ նյութագետ Աթուլ Ագրավալը։

Հետազոտողները բացատրել են. գաղտնիքը գտվում է միցելիումի մեջ՝ սնկերի ստորգետնյա «արմատային» համակարգում։ Այն բաղկացած է թելերից, որոնք կարող են անվերջ աճել սննդանյութերի առկայության դեպքում՝ ձևավորելով ամուր, բայց ճկուն կառուցվածք։ Բացի այդ, այն հարուստ է խիտինով՝ նյութ, որի բաղադրությունը մոտ է խեցգետնակերպերի զրահներին և որն արդեն վաղուց համարվում է որպես կենսահամատեղելի։

Հետազոտողները հույս ունեն, որ ապագայում նման նյութը կարող է օգտագործվել որպես հիմք՝ բջիջներ աճեցնելու, իմպլանտներ ստեղծելու կամ նույնիսկ կրելի կենսաբանական սարքեր պատրաստելու համար։

Դեռևս վաղ է խոսել «սնկային մաշկի» կիրառման մասին այրվածքների բուժման կամ պրոթեզների ստեղծման համար, սակայն գիտնականները մտադիր են շարունակել հետազոտությունները։ Թիմը նախատեսում է պարզել, թե որքանով է սունկն անվտանգ մարդու համար։ Կա հավանականություն, որ դրա մեջ պարունակվող խիտինը կարող է հազվադեպ ալերգիա առաջացնել։