Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունն այսօր, նոյեմբերի 7-ին, այցելել է Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Նյարդավիրաբուժության եւ գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը: Նախարարին ուղեկցում էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ փոխնախարարները:

Այցի ավարտին Վ. Սկվորցովան, ով մասնագիտությամբ նյարդաբան է, կիսվել է լրագրողների հետ կենտրոնի մասին իր տպավորություններով:

Սկվորցովայի խոսքով՝ կենտրոնը կառուցված է ժամանակակից պահանջներին համապատասխան՝ հիվանդի ճիշտ տեղափոխման համար:

«Ստեղծվել է արագ ախտորոշում կատարելու հնարավորություն, համակարգչային եւ ռենտգեն տոմոգրաֆիան եւ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ներառյալ», - նշել է ՌԴ առողջապահության նախարարը, ավելացնելով, որ կլինիկայում կա նաեւ ժամանակակից հիբրիդ վիրաբուժարան, որտեղ պացիենտների բուժման համար կիրառվում են ինչպես էնդովասկուլյար, այնպես էլ վիրաբուժական մեթոդներ:

Իր հերթին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ երկրում մահացության 48 տոկոսը պայմանավորված է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով, այդ իսկ պատճառով, նյարդաբանությունը եւ գլխուղեղի կաթվածների կանխարգելումը Հայաստանի առողջապահական ոլորտի գերակա ուղղություններից մեկն է:

Պատվիրակության կազմում էին հայտնի բժիշկ-հումանիստ Լեոնիդ Ռոշալը եւ հայ անվանի անոթային վիրաբույժ Բագրատ Ալեքյանը: