Մեծ Բրիտանիայում Պարկինսոնի հիվանդությունից տառապող մի կին գլխուղեղը խթանելու համար նախատեսված էլեկտրոդների տեղադրման ժամանակ կլառնետի կոմպոզիցիա է կատարել, գրում է Daily Mail-ը։

69-ամյա Դենիզ Բեյքոնը 2014 թվականից տառապում էր Պարկինսոնի հիվանդությունից։ Հիվանդությունը դժվարացնում էր նրա քայլելը, պարելը և նվագելը նվագախմբում, որտեղ նա երկար տարիներ ելույթ էր ունեցել։ Շարժումների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար նա վիրահատվել է Լոնդոնի Քինգս քոլեջի հիվանդանոցում, որտեղ նրան գլխուղեղի խոր խթանման էլեկտրոդներ են տեղադրել։

Նյարդավիրաբույժ Կեյումարս Աշկանը նշել է, որ բուժառուի գանգի վրա յուրաքանչյուրը հինգ պենսանոց մետաղադրամի չափի երկու անցք են բացել։ Հատուկ նավիգացիոն շրջանակն օգնել է ճշգրիտ որոշել էլեկտրոդի տեղադրման տեղը։ Գործընթացը կատարվել է տեղային անզգայացմամբ, ուստի կինը մնացել է գիտակից և համաձայնել է վիրահատական միջամտության ընթացքում կլառնետ նվագել։

«Խթանումը սկսելուն պես մենք ձեռքի շարժումների վայրկենական բարելավում նկատեցինք, - պատմում է Աշկանը։- Երբ էլեկտրոդներ տեղադրվեցին գլխուղեղի ձախ կողմում, նրա աջ ձեռքի շարժումներն ավելի ճշգրիտ դարձան, և նա կարողացավ սահուն նվագել: Նույնը տեղի ունեցավ նաև աջ կողմում էլեկտրոդներ տեղադրելուց հետո»:

Ինքը՝ Բեյքոնը հայտնել է, որ գրեթե անմիջապես նկատելի թեթևություն է զգացել:

«Խթանումից հետո աջ ձեռքս սկսեց ավելի հեշտությամբ շարժվել. ես նորից կարողացա կլառնետ նվագել: Զգում եմ նաև, որ ավելի լավ եմ քայլում և երազում եմ դարձյալ պարել»,- ասել է բուժառու կինը:

Հիվանդի կրծքավանդակում վերալիցքավորվող իմպուլսային գեներատոր է տեղադրվել: Այն ի վիճակի է ծառայելու մինչև 20 տարի և ավտոմատ կերպով կարգավորում է ուղեղի խթանման մակարդակը՝ կախված ուղեղի ակտիվությունից: