Արյան մեջ SerpinB3 սպիտակուցի բարձր մակարդակները ավանդաբար համարվում են լուրջ հիվանդությունների ազդանշան, ներառյալ քաղցկեղի դժվար բուժելի տեսակները եւ ուժեղ բորբոքային պրոցեսները։ SerpinB3-ը կարեւոր սպիտակուց է, որը ցույց է տալիս, թե երբ են օրգանիզմի պաշտպանական հյուսվածքները՝ մաշկը, թոքերը եւ այլ պատնեշներ, գտնվում լուրջ սթրեսի վիճակում։ Սակայն նոր հետազոտությունը, որն իրականացրել են Արիզոնայի նահանգի համալսարանի գիտնականները, ցույց է տվել, որ SerpinB3-ը կատարում է նաեւ բնական գործառույթ․ օգնում է վերքերի ապաքինմանը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում։

Վնասված մաշկի բուժումը շարունակում է մնալ լուրջ բժշկական մարտահրավեր: Միացյալ Նահանգներում տարեկան առաջանում է մոտ վեց միլիոն վերք, որոնցից շատերը դժվար են բուժվում եւ կապված են դիաբետի, այրվածքների, վարակների կամ տարիքային փոփոխությունների հետ: Դժվար բուժվող վերքերը առողջապահական համակարգի վրա տարեկան նստում են մոտ 20 միլիարդ դոլար:

Նորարարության եւ կենսանյութերի տրանսլյացիայի կենտրոնի գիտնականները պարզել են, որ SerpinB3-ը ակտիվորեն մասնակցում է վնասվածքից հետո մաշկի բնական վերականգնմանը: Սպիտակուցը խթանում է կերատինոցիտները՝ մաշկի բջիջներ, որոնք ուղղվում են դեպ վնասված հատվածներ՝ մեծացնելով դրանց շարժունակությունը եւ արագացնելով վերքերի փակվելը: Լաբորատոր փորձարկումների ժամանակ SerpinB3-ի ավելացումը ապաքինումն արագացրել է նույնքան արդյունավետ, որքան հայտնի էպիթելի աճի խթանիչը: Սպիտակուցը նաեւ ուղղորդում է նոր հյուսվածքի ձեւավորումը եւ կոլագենային մանրաթելերի ճիշտ դասավորությունը՝ վերականգնելով մաշկի ամրությունն ու ամբողջականությունը:

SerpinB3-ը նախկինում հայտնի էր որպես թոքերի, լյարդի եւ մաշկի քաղցկեղի ագրեսիվ ձեւերի մարկեր: Սակայն այժմ պարզվել է, որ այն մարմնի էպիթելի վնասվածքի բնական բուժման մեխանիզմի մի մասն է՝ գործընթաց, որը քաղցկեղի բջիջները սովորել են օգտագործել տարածվելու համար: Հետազոտությունը բացում է նոր հնարավորություններ. SerpinB3-ի ակտիվության ուժեղացումը կարող է օգնել բուժել քրոնիկ եւ դժվար բուժվող վերքերը, ինչպես նաեւ կանխել դրանց առաջացումը։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ օրգանիզմի բնական վերականգնման համակարգերի ըմբռնումը կարող է հանգեցնել վերքերի բուժման նոր մեթոդների մշակմանը եւ միաժամանակ ընդլայնել մեր պատկերացումները սպիտակուցի դերի մասին քաղցկեղի եւ բորբոքային հիվանդությունների դեպքում։