Այս հոդվածն ընթերցելուց հետո միգուցե Ձեզ մոտ էլ մարզասրահում շնչառական թեստ անցնելու մտադրություն առաջանա: Քանի որ, ինչպես պորտուգալացի գիտնականներն են պարզել, մարզասրահների օդը աղտոտվածության բարձր մակարդակով է աչքի ընկնում: Մասնավորապես, այն կարող է նորմայից նշանակալիորեն բարձր խտությամբ ֆորմալդեհիդներ, փոշի եւ ածխածնի երկօքսիդ պարունակել, հաղորդում է FoxNews-ը:
Ճիշտ է՝ եզրակացության համար հիմք ծառայած հետազոտությունը միայն օդի՝ Պորտոգուլայում գործող մարզասրահներից վերցված նմուշների նկատմամբ է իրականացվել, սակայն, ինչպես գիտնականներն են հավաստիացնում, ամերիկյան մարզասրահների հետ համեմատությամբ, էական տարբերություններ լինել չեն կարող:
Գիտահետազոտական խմբի անդամները հատկապես մեծ ծավալով ածխածնի երկօքսիդ աերոբիկայի դասընթացքներին են հայտնաբերել, թեեւ այս կամ այն ծավալով օդափոխության կարիք բոլոր տարածքներում եւ պարապմումքների ժամանակ է նկատվում:
«Մարզվելիս սովորականից շատ ենք շնչում, եւ ներս քաշված օդի մեծ մասն էլ բերանով՝ բնական զտման համակարգի շրջանցմամբ է շնչառական համակարգ անցնում», - նշել է գիտահետազոտական խմբի ղեկավարը:
Բացի այդ, ի տարբերություն հանգիստ վիճակի, մարզվելիս աղտոտիչներն ավելի խորությամբ են թոքերի մեջ ներթափանցում:
Իսկ ի՞նչ կարելի է անել: Բնականաբար, բժիշկներն ու գիտնականները չեն կարող մարդկանց հետ պահել մարզասրահից: Սակայն օդի մաքրությունը ստուգելու համար կարելի է շնչառական թեստ անցնել, կամ էլ՝ սրահի պատասխանատուից օդափոխության համակարգի եւ օդի՝ վերջերս իրականացված հետազոտության արդյունքների մասին մանրամասն տեղեկանալ:
Բացի այդ, իմաստ ունի նաեւ մարզվելու մեկնել այն ժամերին, երբ սրահը համեմատաբար ազատ է լինում:






