Ամերիկացի նեյրոֆիզիոլոգները մարիխուանայի՝ գլխուուղեղի վրա երկարաժամկետ ազդեցությունն են ուսումնասիրել՝ պարզելու համար, որ այն պարբերաբար օգտագործողների մոտ ուղեծրաճակատային կեղեւի (ուղեղի՝ էմոցիաների, հավասարակշռվածության եւ մոտիվացիայի կարգավորման հետ կապված հատվածի) ծավալի փոքրացում, բայց եւ այլ հատվածների միջեւ կապերի քանակի ավելացում է նկատվում, հաղորդում է The Telegraph-ը:

Նեյրոֆիզիոլոգները, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ, թմրանյութն օրական միջինը երեք անգամ օգտագործող 48 չափահաս կամավորների եւ թվով 62՝ երբեք մարիխուանա չօգտագործած մասնակիցների ուղեղի առանձնահատկություններն են համեմատել: Մասնավորապես, հոգեբանական թեստերի արդյունքներն այն մասին են վկայում, որ կանեփի սիրահարների մոտ համեմատաբար ցածր ինտելեկտի գործակից (IQ) է գործում: Այդուհանդերձ, հիշյալ տարբերությունների եւ ուղեղի զարգացման անոմալիաների միջեւ որեւէ կապ չի հայտնաբերվել:

Բացի այդ, պարզվել է, որ մարիխուանայի օգտագործման առաջին 6-8 տարիների ընթացքում ուղեղի կառուցվածքային եւ գործառնական փոխգործակցությունների կայուն քանակական աճ է խթանվում, որի տեմպերն այնուհետեւ նվազում են: Այդուհանդերձ, մարիխուանա ծխելու մեծ փորձ ունեցողների մոտ ուղեղի տարբեր հատվածների միջեւ կապերի քանակը շարունակում է բարձր մնալ՝ միջին առողջ մարդու հետ համեմատությամբ: Հենց այդ պատճառով է, որ, չնայած սպիտակ եւ մոխրագույն զանգվածների մաշվածքին, պարբերաբար մարիխուանա օգտագործողների մոտ մտավոր կարողությունների թուլացում չի նկատվում՝ թրմանյութի պատճառած վնասը հիշյալ կապերի թվի ավելացմամբ է փոխհատուցվում:

Այդուհանդերձ, դեռեւս անհասկանալի է մնում՝ կարող է արդյոք մարիխուանայից հրաժարումը ուղեղի՝ նորմալ վիճակի վերադարձման հանգեցնել:

Հետազոտության արդյունքները Proceedings of the National Academy of Sciences ամսագրում են հրապարակվել: