Քունը կարող է առանցքային դեր խաղալ ուղեղի դեմենցիայի զարգացման հետ կապված տոքսիններից «մաքրելու» գործում։ Նման եզրահանգման է եկել հետազոտողների միջազգային թիմը, որն ուսումնասիրում է այսպես կոչված գլիմֆատիկ համակարգի աշխատանքը։ Սա ուղեղի հյուսվածքներից կենսագործունեության թափոնների հեռացման մեխանիզմն է, որը, ինչպես համարվում է, ամենաակտիվն է աշխատում քնի ժամանակ։ Այս մասին հայտնում է The Conversation պորտալը։
Ի տարբերություն մարմնի մնացած մասերի, որտեղ նյութափոխանակության արգասիքների հեռացման համար պատասխանատու է լիմֆատիկ համակարգը, ուղեղում դասական լիմֆատիկ անոթներ չկան։ Միայն մոտ տասը տարի առաջ գիտնականները նկարագրել են մաքրման այլընտրանքային ուղին՝ գլիմֆատիկ համակարգը։ Այն օգտագործում է ողնուղեղային հեղուկի շրջանառությունը, որը թափանցում է ուղեղի միջբջջային տարածություն, «լվանում» թափոնները և հեռացնում դրանք երակային կառուցվածքների միջոցով։
Հետազոտողների առանձնահատուկ հետաքրքրությունն է առաջացնում ամիլոիդ-բետան՝ սպիտակուց, որի կուտակումը հանգեցնում է Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ վահանիկների առաջացմանը։ Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ քնի ժամանակ այս սպիտակուցի հեռացումն ուղեղից ուժեղանում է։ Մարդկանց մասնակցությամբ հետազոտություններում նույնպես հայտնաբերվել է, որ ամիլոիդ-բետայի մակարդակը ողնուղեղային հեղուկում բարձրանում է արթուն ժամանակ և նվազում քնած վիճակում։
Այնուամենայնիվ, պատկերը մնում է երկակի։ Մկների վրա կատարված վերջին փորձերը կասկածի տակ են դրել գլիմֆատիկ համակարգի «գիշերային» ակտիվության վերաբերյալ պատկերացումը՝ ցույց տալով, որ դրա աշխատանքը կարող է ինտենսիվ լինել նաև ցերեկային ժամերին։ Գիտնականները դեռևս միասնական կարծիքի չեն եկել այս գործընթացի մեխանիզմների շուրջ, հատկապես մարդու պարագայում։
Այդուհանդերձ, ուղեղի առողջության վրա քնի ազդեցության մասին տվյալները շարունակում են կուտակվել։ Փորձերից մեկում առողջ մեծահասակների մոտ քնի լիակատար դեպրիվացիայի ընդամենը մեկ գիշերը հիպոկամպում հանգեցրել է ամիլոիդ-բետայի կոնցենտրացիայի աճին։ Սա ուղեղի այն տարածքն է, որը վճռորոշ նշանակություն ունի հիշողության համար և առաջիններից մեկն է տուժում Ալցհեյմերի հիվանդության ժամանակ։ Սա մատնանշում է, որ քունն իսկապես կարող է կապված լինել ուղեղից տոքսինների հեռացման հետ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում քնի քրոնիկական խանգարումներին։ Այսպես, օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը, որի դեպքում քնած ժամանակ շնչառությունը բազմիցս ընդհատվում է, ուղեկցվում է տևական անքնությամբ և արյան մեջ թթվածնի մակարդակի նվազմամբ։ Երկու գործոններն էլ կարող են նպաստել ուղեղում տոքսիկ սպիտակուցների կուտակմանը։ Քնի ապնոէն արդեն իսկ կապում են դեմենցիայի բարձր ռիսկի հետ, իսկ այդ խանգարման բուժումը, ինչպես ցույց են տալիս առանձին հետազոտություններ, բարելավում է ամիլոիդ-բետայի հեռացումը։
Անքնությունը՝ քնի մեկ այլ տարածված խանգարում է, որը նույնպես ասոցացվում է դեմենցիայի ավելի բարձր ռիսկի հետ, սակայն դեռևս բավարար տվյալներ չկան այն մասին, թե արդյոք անքնության բուժումը նվազեցնում է նեյրոտոքսինների կուտակումը, թե ոչ։ Հետազոտողներն ընդգծում են, որ այս փուլում դեռ վաղ է պնդել, թե քնի խանգարումների թերապիան ուղղակիորեն կանխարգելում է դեմենցիան հենց գլիմֆատիկ համակարգի ակտիվացման հաշվին։
Ընդհանուր առմամբ, գիտնականները համամիտ են, որ որակյալ քունը կարևոր է ուղեղի առողջության համար և հավանաբար, մասնակցում է դրա «մաքրման» գործընթացներին։ Սակայն բաց է մնում այն հարցը, թե արդյոք հնարավոր է քնի բարելավման միջոցով նպատակաուղղված կերպով նվազեցնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ռիսկը։ Այժմ շարունակվում են հետազոտությունները, այդ թվում՝ արյան մեջ ամիլոիդ-բետայի և տաու-սպիտակուցի օրական տատանումների վերլուծությունը քնի ապնոէ ունեցող մարդկանց մոտ՝ բուժումից առաջ և հետո, ինչպես նաև անքնության թերապիայի համար նախատեսված այնպիսի դեղամիջոցների փորձարկումները, որոնք պոտենցիալ կերպով կարող են ազդել ուղեղի գիշերային աշխատանքի վրա։
Մինչդեռ, մասնագետները խորհուրդ են տալիս քունը դիտարկել որպես ընդհանուր առողջության կարևոր տարր և եթե քնի կամ հիշողության խնդիրներ ունեք, ապա խորհրդակցեք բժշկի հետ, նախքան լուրջ ախտանիշների ի հայտ գալը։






