ճարպակալումը կարող է մեծացնել ականջների աղմուկի առաջացման վտանգը՝ օրգանիզմում բորբոքման բարձր մակարդակի պատճառով։ Դա ցույց է տվել Պակիստանի Լահորի գլխավոր հիվանդանոցի գիտնականների անցկացրած հետազոտությունը: Աշխատանքը հրապարակվել է Cureus բժշկագիտական հանդեսում։

Հետազոտողներն օգտագործել են ԱՄՆ Ազգային առողջության և սննդի հետազոտության հարցման տվյալները 2015-2016 և 2017-2018 թվականների համար։ Վերջնական վերլուծությունը ներառել է 5452 չափահաս մասնակիցների տվյալներ։ Ականջներում աղմուկ է հայտնաբերվել հարցման մասնակիցների 17,2%-ի մոտ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ այս վիճակն ավելի տարածված է տարեցների, տղամարդկանց, ինչպես նաև դեպրեսիայից և ճարպակալումից տառապող կամավորների մոտ։

Տարբերությունը հատկապես նկատելի էր մարմնի նորմալ զանգված ունեցող մարդկանց և ճարպակալում ունեցողների միջև։ Ճարպակալում ունեցող մասնակիցների շրջանում ականջներում աղմուկ է հայտնաբերվել 20,3%-ի մոտ, այն դեպքում, երբ ճարպակալում չունեցող մարդկանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 15%։

Հեղինակները նշում են, որ այս կապը կարող է բացատրվել մի շարք կենսաբանական մեխանիզմներով։ Ճարպակալումը հաճախ հանգեցնում է խրոնիկական բորբոքման և անոթային ֆունկցիայի խանգարման, ինչը կարող է խաթարել ներքին ականջի միկրոշրջանառությունը և ազդել ականջախխունջի գործառույթի վրա: Ականջախունջը պարունակում է հատուկ մազային բջիջներ, որոնք գործում են որպես ընկալիչներ: Այդ օրգանը ձայնային ալիքները վերածում է էլեկտրական ազդանշանների, որոնք այնուհետև փոխանցվում են ուղեղին՝ մշակման և ընկալման համար։

Որովայնային ճարպակալումը, որը կապված է բորբոքային ցիտոկինների արտադրության աճի, ինչպես նաև նյութափոխանակության համախտանիշի և ինսուլինային դիմադրության հետ, որոնք կարող են խաթարել ներքին ականջի հոմեոստազը, ևս կարող է լրացուցիչ դեր խաղալ։

Պարզվել է նաև, որ ճարպակալումից տառապող մարդիկ ավելի հակված են քնի խանգարումների: Այդ գործոնը կարող է հանգեցնել սթրեսի հորմոնների մակարդակի բարձրացման և մեծացնել ականջների աղմուկի սուբյեկտիվ ընկալումը՝ վատթարացնելով ընդհանուր ինքնազգացողությունը։