Մկանների առաձգականության նվազում (սարկոպենիա) ունեցող տարեցներն իրենց հասակակիցների համեմատ ավելի են հակված ճանաչողական կարողությունների և հուզական վիճակի վատթարացման, պարզաբանել են Սարատովի պետական բժշկական համալսարանի գիտնականները։ Արդյունքները հրապարակվել են «Российский журнал гериатрической медицины»-ում։
Տարիքային սարկոպենիայի ժամանակ նվազում է մկանային ուժը, այդ իսկ պատճառով տարեցներն արագ հոգնում են սովորական գործողություններից, ինչպիսիք են ինչ-որ բան վերցնելու համար կռանալը կամ կոշիկի քուղերը կապելը, հաղորդում է РИА Новости-ն։ Մարդիկ հաճախ շնչառության դժվարություն են զգում, քանի որ թուլանում են նաև դիաֆրագմայի մկանները՝ ըստ Սարատովի Վ.Ի. Ռազումովսկու անվան պետական բժշկական համալսարանի գիտնականների։
Համալսարանի գիտնականները պարզել են, որ շնչառության դժվարություն և սարկոպենիա ունեցող յուրաքանչյուր երկրորդ հիվանդ ունի դեպրեսիա և ճանաչողական վիճակի անկում, մասնավորապես՝ Ալցհայմերի հիվանդության զարգացում։ Այս երկու ախտանիշները թույլ են տալիս տարեց մարդուն դասակարգել որպես այսպես կոչված Slowing ֆենոտիպի, որը հաճախ ուղեկցվում է քայլելու արագության նվազմամբ, պարզաբանում է Սարատովի պետական բժշկական համալսարանի սրտաբանության, ֆունկցիոնալ ախտորոշման և ծերացման դասընթացներով թերապիայի ամբիոնի դոցենտ Վիկտորիա Սերգեևան։
Այս ֆենոտիպ ունեցող տարեց և զառամյալ մարդկանց պետք է հատուկ ուշադրություն դարձնել խորհրդատվությունների ժամանակ՝ հիվանդի առողջական խնդիրների լուծման համալիր մոտեցմամբ, տարբեր մասնագետների ներգրավմամբ համալիր հետազոտություն անցկացնելով և արագորեն ընտրելով կյանքի որակը բարելավելու և տևողությունը երկարացնելու համար բուժման համադրությունը»,- հավելել է գիտնականը։
Հետազոտողները վերլուծել են հիվանդների չորս խմբի առողջական տվյալները՝ սարկոպենիա ունեցողներ, սարկոպենիկ ճարպակալում (ՍՃ), մկանային զանգվածի նվազման հետ չկապված ավելորդ քաշ ունեցողներ և այդ շեղումներից զուրկ մարդիկ, բացատրել է Սերգեևան։ Արդյունքները ցույց տվեցին, որ առաջին երկու խմբի հիվանդներն ավելի հաճախ և ավելի ծանր վիճակում ունեցել են ճանաչողական ֆունկցիայի անկում և դեպրեսիա։
«Slowing ֆենոտիպ ունեցող հիվանդները, որոնց ծերացումն անառողջ է ընթանում, հատուկ ուշադրության կարիք ունեն։ Այս խնդիրներով հիվանդներին հայտնաբերելու համար պարզ ախտորոշիչ ալգորիթմների մշակումը, որոնք հասկանալի կլինեն գործող բժիշկների համար, կարող է բարելավել ծերաբուժական խնամքի որակը, քանի որ վաղ ախտորոշումը, իսկ որոշ դեպքերում՝ կանխարգելումը, միշտ կապված կլինեն բուժման ավելի մեծ հաջողության հետ»,- ընդգծել է Սերգեևան։
Շնչառական սարկոպենիայի ժամանակին ախտորոշմամբ կարող են ամրապնդվել շնչառական մկաններին ուղղված վերականգնողական ծրագրերը, և հիվանդներին օգնել առողջանալ ու լիարժեք ապաքինվել։






